Զինվորի համար նախատեսված սնունդը գողանալը կարծես նոր երեւույթ չէ մեզանում, ավելին՝ բանակի, հայրենիքի սահմանը պահպանողների նկատմամբ անբարեխիղճ վերաբերմունքի համար բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաններ են ազատվել, աշխատանքից, անգամ՝ դատվել: Այլ հարց է, թե որքանով էր պատիժը համապատասխանում գործած արարքին:
Քառօրյա պատերազմի ժամանակ տարբեր նախաձեռնություններ, անհատներ բազմիցս օգնություն էին ուղարկում սահման, եւ ահա օրեր անց լուրեր էին տարածվում, որ զինվորին ուղարկված այս կամ այն սննդամթերքը վաճառվում է շուկայում: Իրավապահները այս մասով քննություն են անում, ստուգում լուրերի իսկությունը: Իսկ մինչ այդ Դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ զորամասի խոհարարներ Մհեր Զարոյանն ու Օվսաննա Ադամյանը մեղադրվում են քառօրյա պատերազմի օրերին ճաշարանից պարենամթերք յուրացնելու մեջ: Ըստ մեղադրական եզրակացության` Մհեր Զարոյանն ու Օվսաննա Ադամյանը ապրիլի 4-ին յուրացրել են զգալի չափի պարենամթերք: Իրեղեն ապացույցներն են 14 կգ խոզի միս, 9,2կգ.արևածաղիկի ձեթ, 10կգ վերմիշել, 2կգ տոմատի մածուկ և 25 հատ ձու:
Ադամյանին և Զարոյանին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: Խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: Գործը քննվում է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում:
Նելլի Կարապետյան
Այս նյութը դիտել են - 1359 անգամ