Խոսրովի ուժը մինչև փոխնախարար է պատում...
2016-06-13 03:09:00
Թվում էր, թե ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը պիտի իրեն լիովին բավարարված զգար ոչ միայն այն բանի համար, որ իր նմանը երկրի քաղաքական վերնախավում շարունակում է տեղ զբաղեցնել, այլ նաև այն պատճառով, որ սեփական դիրքն օգտագործելով` կարողանում է փայլուն կարիերա ապահովել հարազատների համար: Ինչպես արդեն տեղեկացրել էինք, նրա որդին ԱԳ փոխնախարար նշանակվեց, իսկ առաջիկայում սպասվում է, որ ԱԳ փոխնախարար կնշանակվի նաև Խոսրովի փեսան:
Բայց պարզվում է` նախկին վարչապետ Հարությունյանը այնքան էլ գոհ չէ արդյունքներից: Ճիշտ է, լրագրողների դիտարկմանը, որ մեր երկրում հենց այնպես ոչ մեկին պաշտոն չեն տալիս, նա անմիջապես հակադարձում է՝ պնդելով, թե իր ընտանիքի անդամներն ունեն համապատասխան կրթություն, և ըստ նրա, հատկապես արտաքին հարաբերությունների ոլորտում հաշվի են առնվել նրանց մասնագիտական հնարավորություններն ու կարողությունները: Սակայն, ամեն դեպքում, երբ Խոսրովն էր ժամանակին նշանակումներ կատարում, իր չափորոշիչները բոլորովին այլ էին: Այդ պատճառով էլ հիմա կտրականապես հրաժարվում է այն պնդումներից, որ իր անձն է դեր խաղացել որդու և փեսայի թռիչքի հարցում: «Ես այդչափ ազդեցիկ անձնավորություն չեմ, եթե այդքան ազդեցիկ լինեի, նրանց նախարար կնշանակեին»,- ասում է Խոսրով Հարությունյանը:
Սա բավականին ազնիվ խոստովանություն է: Ստացվում է, որ Հարությունյանը հաշված վայրկյանների ընթացքում հակասում է ինքն իրեն՝ ընդունելով, որ նախարար նշանակվելու համար ամեն դեպքում ոչ թե կրթություն, այլ ազդեցիկ թիկունք է պետք: Պարզապես իր թիկունքի ազդեցությունը բավականացրել է մինչև փոխնախարարի աթոռը: Այ հենց որ դառնա մի փոքր էլ ազդեցիկ, այդ ժամանակ Էդվարդ Նալբանդյանը ստիպված է լինելու թոշակի գնալ: Իսկ հիմա կարող է ընդամենը կարոտով վերհիշել այն բարի ժամանակները, երբ բախտի բերմամբ վարչապետ էր դարձել ու ազդեցիկների զավակներին պաշտոններ էր շռայլում: 
shame.am
Այս նյութը դիտել են - 1364 անգամ