Հայկական գործարար ու քաղաքական միջավայրի Օստապ Բենդեր Արա Աբրահամյանը ծնունդ տվեց իր հերթական հոգեզավակին...
2015-12-16 16:26:00

Հայկական գործարար ու քաղաքական միջավայրի Օստապ Բենդեր Արա Աբրահամյանը ծնունդ տվեց իր հերթական հոգեզավակին՝ լույս աշխարհ բերելով մի նոր կառույց, որը պիտի կրի «Եվրասիական տարածաշրջանային տնտեսական (ԵՏՏ) ֆորում» անվանումը: «Ազգային միասնություն» շարժման համակարգող խմբի հերթական նիստի ժամանակ ընդունվեց շարժման նախաձեռնող Աբրահամյանի առաջարկը՝ հիմնադրել այդ միջազգային կազմակերպությունը և այն գրանցման ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն՝ որպես մշտապես գործող կառույց:


Թե ինչու է Համաշխարհային հայկական կոնգրես և Ռուսաստանի հայերի միություն հիմնադրած Արա Աբրահամյանին անհրաժեշտ մի երրորդ կասկածելի նախագիծ, այս պահին դժվար է միանշանակ ասել: Սակայն ծանոթ լինելով նրա գործելաոճին և բուն մտադրություններին, ինչպես նաև ինտելեկտին, վստահաբար կարելի է պնդել, որ փոփոխվող իրավիճակների մեջ շատ արագ կողմնորոշվող և նոր միջավայրի գույների հետ անմիջապես ներդաշնակող այս գործիչը այժմ էլ շտապում է իրենով անել ԵՏՄ տարածաշրջանային կարգավորիչի դերը, որպեսզի հետո, շահարկելով այդ մեծահողդողդ անունը, լող տա ընդարձակ ջրերում և հետապնդի նորանոր որսեր:


Որպես առաջին քայլ, նա որոշել է ձևավորել անհրաժեշտ փաստաթղթային փաթեթ ու սկսել նախապատրաստական աշխատանքներ 2016թ. հունիսի 22-25-ին Երևանում կայանալիք Եվրասիական տնտեսական բիզնես-համաժողովի անցկացման համար: Աբրահամյանն այդ համաժողովին կհրավիրի սփյուռքի հայ գործարարների, ներդրողների ու մի շարք պետությունների խոշոր կորպորացիաների ներկայացուցիչների, որպեսզի նրանց գլուխը յուղի ֆանտաստիկայի ժանրից քաղած ու սովորաբար անիրագործելի մնացող ծրագրերով, անպայման կպնդի, թե պետք է ձևավորել փորձագետների խումբ ու իրականացնել տնտեսական և ներդրումային առաջարկների գնահատում և հենց այս էժանագին հնարանքի գնով վստահություն կորզելով՝ ձեռնամուխ կլինի մեծ-մեծ փողերի լվացմանը՝ հանուն ոչ պակաս մեծ-մեծ նախագծերի:


Չի բացառվում, որ Եվրասիական ֆորումը կդառնա նախորդ երկուսի՝ հայկական կոնգրեսի ու հայերի միության գերեզմանափորը, քանի որ «հայ» բառն արդեն խանգարում է Աբրահամյանին, իսկ Եվրասիան միայն կնպաստի նրա արագընթաց թռիչքին:


Հետգրություն


Արա Աբրահամյանը կլիներ փոքր ինչ նորմալ մարդ, եթե գոնե կարողանար նորմալ անվանումներ դնել իր նախագծերին: «Եվրասիական տարածաշրջանային» բառակապակցությունն արդեն թյուրիմացություն է: Եվրասիան մայրցամաք է, հետևաբար, տարածաշրջանային ածականն ավելորդ է և հիմարություն: Բայց Արա Աբրահամյանի համար որքան շատ բառ պարունակի, այնքան լավ ու պատվաբեր: Դե, ինչ արած` այսպիսին է...  ամենայն հայոց:

 

Նյութի աղբյուրը՝

Այս նյութը դիտել են - 1686 անգամ