Հունիսի 12-ին, Լոս Անջելեսում, տեղի ունեցավ հեռուստամարաթոն՝ ղարաբաղա-ադրբեջանական երկայնքով տեղի ունեցող թեժ մարտերի ընթացքում զոհված և վիրավոր զինվորների, կամավորականների ընտանիքներին օգնելու համար:
Հեռուստամարաթոնը կրում էր «Քեզ հետ եմ Հայ Զինվոր» խորագիրը:
13 ժամ տևողությամբ հեռուստամարաթոնը նախաձեռնել էին Հովիկ Զիրաքյանը ( ՄՀԵ հիմնադիր նախագահ), Լիլի Ավագյանը (հաղորդավարուհի) և Դավիթ Ղևոնդյանը (ռեժիսոր):
Ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում զոհված և վիրավոր զինվորների ընտանիքներին աջակցելու համար Լոս Անջելեսում մինչ այս եղել էին հեռուստամարաթոններ, տարբեր «անհատների» կողմից դրամահավաքներ, բայց այս հեռուստամարաթոնը իր բնույթով եղավ միակը, որ ամբողջովին համալրեց համայնքում բնակվող երիտասարդներին միասնական ու մեծ ուժով զորավիգ լինելու այդ մեծ աշխատանքին:
Տեղեկացնենք, որ հեռուստամարաթոնը ուղիղ եթեր հեռարձակվեց Լոս Անջելեսի հայկական «Հորիզոն» հեռուստաընկերությամբ, իսկ այնուհետև միացան նաև «USArmenia», «Noor«, «Best TV», «Artn-Shant» հեռուստաընկերությունները:
Աննկարագրելի էր երիտասարդների, դպրոցականների, ավագ սերնդի ներկայացուցիչների, տեղի հայկական և ամերիկյան, քաղաքական և հասարակական հայտնի դեմքերի, արվեստագետների, հեռուստահաղորդավարների, համայնքի գործարարների հոսքը դեպի հեռուստաընկերություն:
Մարաթոնի ընթացքում յուրաքանչյուրի խոսքը, դրամական օգնությունը մեծ հայրենասիրություն էր փոխանցում հեռուստադիտողին, այն հեռուստադիտողին, ով անտարբեր չմնաց 13 ժամ տևողությամբ հեռուստամարաթոնի ընթացքում, միաժամանակ քաջ գիտակեցելով, որ Արցախի սահմանում վիրավորված, սահմանում իր կյանքը զոհած Հերոսը հանուն Հայրենիքի և մեր բոլորի համար է դա արել, իսկ մենք ապացուցում ենք, որ նման քաջերի ընտանիքները անուշադրության երբե՛ք չեն մատնվի:
Նշենք, որ Լոս Անջելեսի հայ համայնքի պատմության մեջ, սա առաջին հեռուստամարաթոնն էր, որ Լաս Վեգասի նորաբաց «Armount TV Network- հայկական շուրջօրյա հեռուստաընկերության ուղիղ եթերի շնորհիվ միացան Լոս Անջելեսի մեր հայրենակիցներին և իրենց մեծ նվիրատվությունները կատարեցին մարաթոնի ընթացքում:
Ավելացնենք, որ «Հորիզոն» հեռուստաընկերութան հեռուստատաղավարը բազմամարդ էր՝ կամավորականների մեծ հոսքով:
13 ժամ տևողությամբ հեռուստամարաթոնի ծանր «հրետանին» ամբողջությամբ բաժին էր ընկել Գևորգ Եղիազարյանին, Լիլի Ավագյանին, Հովիկ Զիրաքյանին, Մանանա Հակոբյանին, Հովիկ Գաբիկյանին, Սվետլաննա Բոսնոյանին և Մարինե Մինասյանին, ովքեր հեռուստատաղավարից իրենց խոսքն էին փոխանցում հեռուստադիտողին՝ ներկայացնելով զոհված և վիրավոր զինվորների, կամավորականների ընտանիքների ծայրահեղ ծանր պայմաններում գտնվող իրավիճակը:
Հեռուստամարաթոնի ընթացքում հանգանակվեց 201. 300 ԱՄՆ դոլար:
Տեղեկացնենք, որ USArmenianews.com լրատվական կայքը պարբերաբար զրույց կունենա մարաթոնի կազմակերպիչների հետ՝ կիզակետում պահելով կարիքավոր ընտանիքների համար հանգանակված գումարների բաշխման թափանցելիությունը:
Հ.Գ. Հատկանշական եմ համարում նշել, որ 13 ժամ գտնվելով «Հորիզոն» հեռուստաընկերության տաղավարում, իմ ուշադրությունից չվրիպեց հեռուստաընկերության տնօրեն՝ տիկին Մարգարիտա Տունիեվայի ուշադիր և հոգատար վերաբերմունքը բոլոր այն կամավորականների նկատմամբ, ովքեր եկել էին զորակցելու Հայ Զինվորին:
Գտնվելով հեռուստաընկերությունում , թվում էր, թե տիկին Մարգարիտայի տանն էինք: Նա 13 ժամվա ընթացքում իր ուշադրությունն ու ջերմությունն էր փոխանցում ներկա գտնվողներին և բարի խոսքերով քաջալերում կամավորականներին:
Գայանե Մանուկյան
Լոս Անջելես
Լուսանկարները՝ Եվա Վարլիյանի
Այս նյութը դիտել են - 2337 անգամ