Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով երեկ ձերբակալվել են Առողջապահության նախարարության պետական առողջապահության գործակալության պետ Սարո Ծատուրյանը, Երեւանի քաղաքային կենտրոնի պետ Արսեն Սեդրակյանը, գործակալության բժշկական ծառայությունների գնման եւ տեղեկատվական բաժնի նախկին պետ Սամվել Խարազյանը։
Hraparak.am-ի տեղեկություններով՝ Սարո Ծատուրյանը ՀՀ նախկին առողջապահության նախարար Հայկ Նիկողոսյանի աներոջ որդին է եւ ժամանակին եղել է նրա կողմից հիմնադրված «Ախտորոշման կենտրոն»-ի ղեկավարը։ 1998-2000 թ.թ. ՀՀ առողջապահության նախարար Հայկ Նիկողոսյանն ու 2012-2014թ.թ. ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը, պարզվում է, համակուրսեցիներ են եւ մտերիմներ։ Այդ իսկ պատճառով էլ Դերենիկ Դումանյանի օրոք Սարո Ծատուրյանը նշանակվել է Պետական առողջապահության գործակալության պետ։ Ինչ վերաբերում է Հայկ Նիկողոսյանին, ապա նա 2007 թվականից ԱՀԿ ծխախոտի դեմ պայքարի մասին միջազգային կոնվենցիայի մշտական քարտուղարության ղեկավարն է (նստավայրը՝ Ժնեւ, Շվեյցարիա)։
Նշենք, որ Սարո Ծատուրյանը 1989թ. գերազանցությամբ ավարտել է Երեւանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի պլանատնտեսագիտական ֆակուլտետը: 1992թ-ին ավարտել է ՀՀ ԳԱԱ տնտեսագիտության ինստիտուտի ասպիրանտուրան: 1993թ-ին ավարտել է Բոստոնի համալսարանի (ԱՄՆ) հանրային առողջապահության դպրոցի «Առողջապահության ֆինանսավորումը զարգացող երկրներում» հատուկ դասընթացը, նույն թվականին Հարավային Կալիֆորնիայի համալսարանում անցել է վերապատրաստում «Միջկառավարական հարաբերություններ եւ պետական ֆինանսական կառավարում» թեմայով: Ունի աշխատանքային հարուստ փորձ։
Մասնագիտությամբ տնտեսագետ Սարո Ծատուրյանը եղել է Դիագնոստիկ կենտրոնի ղեկավարը, գործընկերները նրան բնութագրում են որպես գրագետ եւ աշխատասեր տղա: Առողջապահության նախարարությունում ապշած են այս ձերբակալումներից:
Այս նյութը դիտել են - 1390 անգամ