Թող այդ մարդը գնա՝ գետինը մտնի...
2016-06-14 21:34:00

Լեզվաբան Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսնու՝ Եղիշե Խաչատրյանի սպանության մեջ մեղադրվող ԴԱՀԿ աշխատակից, արդարադատության լեյտենանտ Խաչիկ Կոսյանի հայրը՝ ԴԱՀԿ գնդապետ Հակոբ Կոսյանը, մեզ հետ զրույցում ասել էր, թե հունիսի 4-ին տեղի ունեցած սպանության դեպքից հետո, որի մեջ կասկածվում է նաեւ իր որդին, զանգահարել եւ իր ցավակցությունն է հայտնել Մեյթիխանյանին: Առաջիկայում էլ, երբ կրքերը փոքր-ինչ հանդարտվեն, պատրաստվում է այցելել նրան եւ անձամբ իր ցավակցությունը հայտնել:

Փառանձեմ Մեյթիխանյանը, սակայն, «Հրապարակի» հետ զրույցում պնդեց, որ Կոսյանն իրեն չի զանգահարել, ավելին՝ անամոթաբար ստում է: «Նա այդ համարձակությունը չուներ ինձ զանգելու, եւ ինձ հեչ էլ պետք չէր այդ զանգը: Թող այդ մարդն ինձ զանգելու փոխարեն գնա խորանի առաջ կամ հայելու առաջ նայի իրեն ու գետինը մտնի, ստում է նա»,-հավաստիացրեց տիկին Մեյթիխանյանը:

Ի դեպ, երբ փորձեցինք Հակոբ Կոսյանից այս մասին մեկնաբանություն ստանալ, չհաջողվեց: Նա երեկվանից մեր հեռախոսազանգերին չի պատասխանում եւ որդու փաստաբանի միջոցով հաղորդել է, որ առայժմ չի ցանկանում լրագրողների հետ շփվել, քանի որ ամեն անգամ դեպքի մասին խոսելիս սրտի հետ կապված խնդիրներ է ունենում:

Հ. Կոսյանը, ի դեպ, մեզ ասել էր, որ եթե հանկարծ պարզվի, որ որդին հոր տարիքի՝ 58 տարեկան մարդու վրա կարող է ձեռք բարձրացնել, ինքը խաչ կքաշի նրա վրա եւ այլեւս որդի չի ճանաչի: 

hraparak.am

Այս նյութը դիտել են - 2110 անգամ