Դերասանուհի, երգչուհի Իվետա Եդիգարյանը Life.panorama.am-ին պատմել է, որ շուտով կրկին որպես դերասանուհի կներկայանա, բայց այս անգամ նա վախենում է հեռուստադիտողի արձագանքներից.
«Վերջերս նկարահանվեցի Գոռ Վարդանյանի «Հրեշների գայլը» մի քանի մասանոց ֆիլմում, որն արդեն ցուցադրվում է ԱՄՆ-ի հեռուստադիտողի համար, հայաստանյան ցուցադրությունը եւս չի ուշանա: Դեռ ԱՄՆ-ում Գոռ Վարդանյանի հետ ընտանիքներով մտերմացանք, ու Գոռն ինձ խոստացավ, որ որեւէ նախագիծ իրականացնելիս ինձ անպայման կհրավիրի:
Խոստմանը հավատարիմ մնալով՝ ավելի ուշ Գոռն ինձ առաջարկեց նկարահանվել իր նոր ֆիլմում, ինչն էլ սիրով ընդունեցի: Թեպետ պետք է նշեմ նաեւ, որ կոնկրետ այս դերը կերտելու համար դժվարություններ եմ ունեցել, քանի որ այստեղ ես մարմնավորում եմ թեթեւաբարո մի կնոջ, ում միայն փողն է հետաքրքրում, որի արդյունքում ամեն ինչ կորցնում է:
Իհարկե, ես հասկանում եմ, որ դերասանը ամեն կերպար պետք է մարմնավորի, բայց ելնելով նրանից, որ մենք ապրում ենք Հայաստանում, ունենք մեր ազգային անխախտ մենթալիտետը, մի փոքր ռիսկային էր նման կերպարով ներկայանալը»,- պատմեց Իվետան ու շարունակեց.
«Սկզբում շատ էի վախենում արձագանքներից, անկեղծ ասած, մինչ օրս էլ դեռ վախով եմ սպասում մեր երկրում ցուցադրությունից հետո տարածվող արձագանքներից: Իմ կերպարը ենթադրում էր մի քիչ բաց ու համարձակ տեսարաններում ներկայանալ, բայց հույսով եմ, որ մարդիկ այն կընկալեն որպես դեր եւ ինձ հետ չեն նույնացնի: Կցանկանամ, որ այս կերպարի մեջ ոչ թե տեսնեն միայն համարձակ կերպարի, այլեւ շատ կցանկանայի, որ այն ինչ-որ իմաստով ուսուցողական լիներ, ըստ որի կանայք, տեսնելով այս կնոջ վատ կյանքը, փորձեին հեռու մնալ այդպիսին դառնալուց, փորձեն դաս քաղել նրա չստացված կյանքից, չվազել նյութականի հետեւից ու այդ ճանապարհին չկորցնել եսը, ինքնասիրությունը»:
Իվետա Եդիգարյանը հատկապես շեշտեց, որ «Հրեշների գայլը» ֆիլմում իր հերոսուհին՝ Վիկան, ներկայանում է համարձակ, բայց ոչ շատ բաց տեսարաններում. «Իհարկե, այս ֆիլմում իմ տեսարանները պահանջում էին համարձակ կադրեր, բայց շատ բաց տեսարաններում ես հանդես չէի գա, քանի որ ոչ միայն ես չեմ ցանկանում, այլեւ հայրս չէր թողնի»,- նկատեց նա:
Մեր այն հարցին, թե ի՞նչ կարծիք է հայտնել հայրը՝ Աշոտ Եդիգարյանը, Իվետան պատմեց. «Հայրս մի փոքր խիստ հայացքների տեր մարդ է, նա չի սիրում ինձ համարձակ տեսարաններում տեսնել. դա գուցե գալիս է նրանից, որ մենք Հայաստանում ենք ապրում եւ շատ հնարավոր է, որ նա այդպես չվերաբերվեր, եթե դրսում նկարահանվեի: Այս ֆիլմի վերաբերյալ սկզբից խիստ արտահայտվեց, բայց դեռ իր վերջնական կարծիքը չի հայտնել. հորս կարծիքը ամենամեծ ու կարեւոր գնահատականն է ինձ համար, դեռ մի քանի կադրեր կան, որտեղ ես հոգեբանական իրավիճակներ եմ կերտում, հատկապես այդ կադրերից հետո կցանկանայի լսել Աշոտ Եդիգարյանի կարծիքը»:
Իվետան պատրաստ է ցանկացած կարծիք լսելու. «Ես պատրաստ եմ բոլորի կարծիքը լսել, լինեն դրանք լավ, թե վատ: Կխնդրեմ քննադատորեն չմոտենալ, Վիկային ինձ հետ չնույնացնել եւ հայտնել կարծիքը միյան իմ խաղի հանդեպ: Կարծիքները լսում եմ, որոնք պետք են ինձ ընդունում եմ, որոնք գտնում եմ, որ անհիմն են, պարզապես հարգանքով շրջանցում եմ: Ուզում եմ ամեն դեպքում շնորհակալություն հայտնել Գոռ Վարդանյանին եւ ողջ անձնակազմին, նրանց հետ աշխատելը շատ հետաքրքիր էր»,- հավելեց դերասանուհին:
Ի դեպ, Իվետա Եդիգարյանը հայտնեց, որ Աշոտ Եդիգարյանը, ով վերջին տարիներին ապրում է ԱՄՆ-ում, դեկտեմբերի 28-ին գալու է Հայաստան. «Այս տարի Ամանորը մեր ընտանիքի համար շատ ուրախ է լինելու, քանի որ հայրս եւ մայրս պատրաստվում են վերադառնալ Հայաստան եւ շարունակել այստեղ ապրել: Մենք իսկապես շատ ուրախ ենք, որ հայրս կրկին իր սիրելի հայրենիքում է ապրելու ու գործելու»,- նկատեց նա ու նշեց, որ շատ կցանկանա հայրիկի հետ կրկին ներկայանալ իրենց հանդիսատեսին: