Երբ հանրապետականներն ասում են՝ նժդեհական են, դա ստվեր է գցում ազգային հերոսի վրա. «Առավոտ»
2016-06-15 09:23:00

«Առավոտ» թերթը գրում է. «Հետաքրքիր է, թե ինչպես է փոխվում մարդկանց վերաբերմունքը որևէ երևույթի կամ անձի հանդեպ։ Երբ հանրապետականներն ասում են, որ նրանք նժդեհական են, տարոնական են և ցեղակրոն, դա, ուզենք թե չուզենք, ստվեր է գցում մեր ազգային հերոսի վրա։ Երբ երիտասարդ փիլիսոփաները «նժդեհագիտությունից» ատենախոսություններ են պաշտպանում, որտեղ փորձ է արվում ապացուցել, որ Նժդեհը Կանտից կամ Հեգելից ավելի ուժեղ փիլիսոփա էր, շատ բնական արձագանք է առաջանում՝ «տո լա՛վ է»։ Դա մոտավորապես նույնն է, որ դպրոցում ստիպում են անգիր սովորել հատվածներ Թամանյանի երկերից՝ համեմելով այդ պարտադրանքը ինչ-որ անհամ, «քառակուսի» մեկնաբանությաններով, և դպրոցականների՝ գրականություն հասկանալու ունակությունները դրանով սահմանափակվում են։ Թումանյանն այստեղ մեղավոր չէ, նա այնպես էր գրում, որ իսկապես շատ հեշտ է հիշել, բայց «պաշտոնական» բառերն ի վիճակի են փչացնել  ամեն  ինչ։ Նժդեհն էլ, իհարկե, մեղավոր չէ։ Պարզապես, նրբ «նժդեհագիտությունը» դառնում է ՍՄԿԿ պատմության նման մի բան՝ վերջ, մարդկանց ուղեղում ինչ-որ բան արգելակվում է։ Բայց այս դեպքում տեղի ունեցավ նաև հակառակ պրոցեսը, երբ ռուսաստանյան պաշտոնական քարոզչությունը սկսեց առանց որևէ հիմքի Նժդեհին կպցնել «Ֆաշիստ», «նացիստ», «կոլաբորացիոնիստ», «էսէսական» պիտակները, նույնքան բնական ցանկություն է առաջանում նրան պաշտպանելու։ Եվ վերջին օրերին, որքան տեսնում եմ, շատացել են այն երիտասարդները, որոնք «սելֆի» են անում Նժդեհի՝ գեղարվեստական տեսանկյունից բավականին վիճելի արձանի մոտ»: 

Այս նյութը դիտել են - 1448 անգամ