Պուտինը ձև է տվել...
2016-06-15 20:52:00

Պաշտոնական Մոսկվան հաստատեց, որ ռուսական կողմի նախաձեռնությամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հաջորդ երկուշաբթի՝ հունիսի 20-ին, Սանկտ Պետերբուրգում եռակողմ բանակցություններ կվարի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով։ 

Պուտինը նախ առանձին կհանդիպի իր հայ և ադրբեջանցի պաշտոնակիցների հետ, ինչից հետո կսկսվի եռակողմ քննարկումը: Հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները ապրիլյան ճգնաժամից հետո կհանդիպեն երկրորդ անգամ: Առաջին նման հանդիպումը ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահող երեք պետությունների արտաքին գերատեսչությունների ղեկավարների միջնորդությամբ տեղի է ունեցել մայիսի 16-ին Վիեննայում:
Վիեննայի քննարկումներին, հիշեցնենք, մասնակցել էին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերրին և Ֆրանսիայի եվրոպական հարցերով պետքարտուղար Արլեմ Դեզիրը:

Վիեննայում համաձայնություն էր ձեռք բերվել՝ պահպանել հրադադարի ռեժիմը, որը հաստատվել է 1994-1995 թվականների համաձայնագրերով: Պայմանավորվածություն էր ձեռք բերվել նաև շփման գծում հետաքննությունների մեխանիզմների ներդրման մասին, ինչպես նաև հայտարարվել էր, որ հունիսին կազմակերպվելու է  Սարգսյանի և Ալիևի նոր հանդիպումը:
Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը նախօրեին հայտնել է, որ Մոսկվան վճռական դեր է կատարել ապրիլին մարտական գործողությունները դադարեցնելու գործում: Պուտինը մի քանի անգամ հեռախոսով զրուցել է Սարգսյանի և Ալիևի հետ, երկու երկրների պաշտպանության նախարարները և զինված ուժերի գլխավոր շտաբների պետերը այցելել են Մոսկվա, իսկ ապրիլի սկզբին Երևան և Բաքու է մեկնել վարչապետ Դմիտրի Մեդվեդևը:
Իսկ մինչ այդ՝ հունիսի 6-ին, «Ինտերֆաքս» լրատվական գործակալության փոխանցմամբ, Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը նշել է, որ կա շրջանակային պայմանավորվածությունների հասնելու հեռանկար: Նա ասել է, թե որոշակի փուլում, շրջանակային պայմանավորվածությունները համաձայնեցնելուց հետո հնարավոր կլինի նաև բանակցային սեղանի շուրջ Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների վերադարձը:

Ղարաբաղի ներգրավումը բանակցային գործընթացում, ինչպես հայտնի է, հայկական կողմի գլխավոր պահանջներից մեկն է:
Մյուս կողմից ակնհայտ է, որ Վիեննայում ընդունված որոշումները չեն չկատարվել, մասնավորապես չի ապահովվել հետաքննությունների մեխանիզմի ներդրումը, ինչպես նաև ապահովված չէ 1994-1995 թվականների հրադադարի համաձայնագրերով հաստատված ստատուս քվոն և սահմաների դիրքերի հարցը: Ադրբեջանական ուժերը շարունակում են խախտել հրադադարի ռեժիմը:
Ավելին՝ Վիեննայի հանդիպումից հետո Ադրբեջանի նախագահը սեփական երկրում արել է մի քանի ռազմատենչ հայտարարություններ, որոնք լրացուցիչ վկայություն են, որ այդ երկրի հետ բանակցությունները աննպատակ են: Նման պայմաններում Սերժ Սարգսյանը բանակցելու շատ բան կարծես թե չունի, քանի որ օրակարգային նոր հարցերի գոյությունը ի սկզբանե դատապարտված է, քանի  դեռ հետաքննությունների մեխանիզմները, որոնք նպատակ ունեն ի վերջո ցույց տալ, թե ում կողմից է կատարվում հրադադարի խախտումները, չեն ներդրվել, և միջազգային հանրությունը, այդ թվում նաև եռակողմ հանդիպման ջատագով Պուտինը չի տվել կատարվածին համարժեք գնահատական:
Այս տեսանկյունից Սանկտ Պետերբուրգի հանդիպումից շատ բան ակնկալել թերևս պետք չէ. կոնկրետ պլաններ ու լուծումներ հազիվ թե քննարկվեն, առավել ևս, որ ԵԱՀԿ ներկայացուցիչը հայտարարություն է արել, թե պետերբուրգյան եռակողմ հանդիպման նախապատրաստմանը ԵԱՀԿ Մինսկի խումբը չի մասնակցում: Այսինքն՝ սա զուտ ռուսական կողմի նախաձեռնությամբ կատարվող քայլ է: Կրեմլը, ըստ էության, վերստին փորձում է ընդգծել իր ազդեցության դոմինանտությունը, սակայն դրանից դրական տեղաշարժ ակնկալելը անիրատեսական է:
Կարինե Սարիբեկյան

hayeli.am

Այս նյութը դիտել են - 1584 անգամ