Ինձ համար Մհեր Ենոքյանը,Պերմյակովն ու Բրեյվիկը նույնն են ազգությամբ. Նարեկ Մալյան
2016-06-16 15:23:00

Մինչ ընդհանուր իրավասությանը դատարանի վարույթում ավարտվում է ՀՀ ցմահ ազատազրկված Մհեր Ենոքյանի՝ պատվին և արժանապատվությանը պատճառված վնասի փոխհատուցման գործով քաղհայցի քննությունը, սպասվում է դատարանի վճիռ սույն քաղաքացիական գործով հայցվոր ու պատասխանող կողմերի միջև սոցիալական ցանցերում ու անձնական շփումների մակարդակում մի իսկական պատերազմ է սկսվել. հայցվոր կողմի՝ Մհեր Ենոքյանի  կողմնակիցների ու պատասխանողի՝ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի խորհրդական Նարեկ Մալյանի միջև: Ըստ որում՝ վիրավորանքներն այնպիսի մի ամպլիտուդով են, որ սկսվում են անձնական բնույթի վիրավորանքներից ու հասնում մինչև  քաղաքական  դավադրություններին տեսություններ: Tert.am–ն այս հարցի շուրջ զրուցեց պատասխանող կողմի՝ ՀՀ ոստիկանապետի խորհրդական Նարեկ Մալյանի հետ:

-Պարոն Մալյան, շատ ակտիվ եք ֆեյսբուքյան  «Մի հերոսացրեք մարդասպան Մհեր Ենոքյանին» էջում, որտեղ մի քանի օր առաջ տեղադրված՝  ուղիղ քսան տարվա վաղեմության  տեսանյութում Մհեր Ենոքյանը խոստովանում է, թե ինչպես է սպանել իր համակուրսեցուն և սա ուղեկցվում էր զոհի մարմնի  կտրած, ծակած վերքերի  ու ջախջախված  գլխի զարհուրելի կադրերով:  Որտեղի՞ց այդ տեսանյութը : Եվ մյուս կողմից,  եթե Մհեր Ենոքյանի փաստաբանների  կողմից Ձեզ զրպարտության համար դատի տալուց հետո  Ձեր ակտիվությունը հասկանալի է, ապա ի սկզբանե ինչո՞վ է այն  պայմանավորված եղել: 

-Տեսանյութը համացանցում իմ ձեռքով չէ, որ հայտնվել է, ես  այն ընդամենը կիսել եմ ու գցել եմ իմ ֆեյսբուքյան պատի վրա: Թեպետ, այդ տեսանյութի մասին տեղյակ էի ամիսներ առաջ: Ըստ որում՝ ոչ միայն այդ տեսանյութի, այլև այդ գործի շրջանակներում տարբեր՝ հասարակական կարծիքի ու իմ համար՝ ապացուցողական փաստերի, որոնք ձեռք են բերվել ու հավաքվել են օրինական ճանապարհով: Նույն կերպ, բոլոր այդ տեսանյութերն ու մամուլի բոլոր այդ հրապարակումները, Մհեր Ենոքյանի փաստաբանն ու կողմնակիցները ցանկության դեպքում կարող էին ձեռք  բերել:  Այսինքն՝ որևիցե գաղտնիք, դավադրություն չկա,  դա իմ փաստաբանի կողմից ձեռք բերված արխիվային տեսանյութերից մեկն է.  իմ փաստաբանը դիմել է թե՛ Ազգային արխիվ, թե՛ Ազգային գրադարան և շատ այլ մարմիններ, որոնցից ձեռք է բերել տարբեր տեսակի նյութեր, որոնք, ի դեպ, ներկայացվել են դատարանին՝ որպես գործին կցված ապացույց: Ինչ վերաբերում է իմ ակտիվությանը, այն, կոնկրետ այս փուլում, պայմանավորված է նրանով, որ մարդասպան Մհեր Ենոքյանը, և նրա կողմնակից կանայք փորձում են թյուր կարծիք տարածել՝ իրենց հասանելի բոլոր միջոցներով և անվանարկել բոլոր այն մարդկանց, ովքեր Մհեր Ենոքյանի՝ իրենց հորինած ռոմանտիկ երիտասարդի կերպարին չեն հավատում: Ինքս դրա հետ չեմ համաձայնել, և այդ պատմության սկիզբը,  կարող եմ օրով նույնիսկ նշել՝ 2013-ի մարտի 3-ին էր, երբ Րաֆֆի Հովհաննիսյանի՝ Ազատության հրապարակում հրավիրած հանրահավաքին, որտեղ ներկա էին Վարդան Պետրոսյանը, իմ կողմից հարգված շատուշատ մարդիկ, քաղաքական գործիչներ, հարթակ բարձրացավ մի մարդ և հայտարարեց, որ իրենց քաղաքական պայքարին  «Նուբարաշենի» բանտից միացել է քաղբանտարկյալ, ազատության ջահակիր Մհեր Ենոքյանը: Ես  առաջին անգամ այդ ժամանակ լսեցի այդ մարդու անուն –ազգանունը և ինձ մոտ, բնականաբար, հետաքրքրություն առաջացավ, թե ո՞վ է այդ քաղբանտարկյալը և թե ո՞ր քաղաքական գործունեության համար է բանտարկված:
Փոքրիկ, մակերեսային, ինտերնետային որոնումներից պարզվեց, որ նա երբևէ չի ծավալել քաղաքական գործունեություն, հակառակը,  Բժշկական ինստիտուտում սովորելու տարիներին առանձնակի դաժանությամբ սպանել է իր համակուրսեցուն  և  նրա դիակը  ցույց տալու համար զոհի  ծնողներից պահանջել  քսան հազար դոլար: Բնականաբար, դա իմ մեջ հարցեր առաջացրեց, և  «Ֆեյսբուք»-ում արեցի իմ առաջին գրառումը: Ընդամենը գրել էի, որ նա, հարգելի հայրենակիցներ, քաղբանտարկյալ չէ,  մարդասպան է:  Եվ այդ հենց այդ ժամանակ սկսվեց իմ առնչությունը Մհեր Ենոքյանի, այսպես ասած, ֆան-ակումբի անդամների՝ կանանց հետ, ովքեր, անմիջապես, բոլոր այն մարդկանց, ովքեր համաձայն չէին իրենց հորինած կարծիքի հետ,  սկսում էին վիրավորել:  Ի վերջո,  հասկացա, որ գործ ունեմ ինչ-որ մի խմբի հետ, որն իր առջև նպատակ է դրել պետության դատավճիռը հասարակության շրջանում սարքել առ ոչինչ: Դրանից հետո սկսեցի ավելի խորն ուսումնասիրել այդ ամենը և ինչքան խորն ուսումնասիրեցի, այնքան իմ այդ համոզումները գնալով խորացան, որ սա ինչ-որ առումով ինչ-որ մի դիվերսիայի պես մի բան է և որ կան մարդիկ, որոնք մարդկանց մանիպուլացնելու ու հիմարացնելու գնով փորձում են մարդասպանին բանտից դուրս հանել: Մարդասպանի մոտիվացիան իմ համար հասկանալի է, որովհետև նա դատապարտված է,  ի դեպ, ոչ թե ցմահ բանտարկության, այլ գնդակահարության, ու պատժի մեղմացումից հետո,  ունենալով շատ երկար ժամանակ, այն նվիրում է իր կյանքի գլխավոր նպատակին՝  բանտից ամեն գնով դուրս գալուն: Բայց ինձ, ինչպես նաև իրավական դաշտում գործող շատ ու շատ մասնագետների ու ադեկվատ մարդկանց համար անհասկանալի է, այդ խմբի մոտիվացիան:  Խմբի, որը փորձում է սևը սպիտակի տեղ ներկայացնել ու Մհեր Ենոքյանի անձի շուրջ հրեշտակի կերպար ստեղծել ու նրան հրեշտակի թևեր կպցնել:  Վերջերս բացահայտեցի, որ այդ մոտիվացիան շատ անձնական և մի շատ տրագիկ պատմություն է, ինչպես նաև այն, որ այդ ամենի հետևում անձնական շահն է: Մհեր Ենոքյանին անձնական նպատակներից ելնելով, ոչ թե  արդարացնել, այլ՝ սրբացնել ու հերոսացնել: Մտեք՝ «քոմենթները» տեսեք. Մհեր Ենոքյանին էլ Հիսուսի հետ են համեմատում, էլ ասում են՝ դու հերոս ես, էլ չգիտեմ ինչ...

-Ես տեսա շատ անձնական վիրավորանքներ և նաև՝ ինչ-որ քաղաքական բնույթի, «դավադրությունների» տեսությունների շարքից ակնարկներ:-Մարդը, ով գլխավորում է Մհեր Ենոքյանի սրբացման այդ, ես կասեի, «շարժումը», լրագրող Զարուհի Մեժլումյանն է, որը իմ հետ հանդիպման ժամանակ պնդեց,  որ Մհեր Ենոքյանը հրեական դավադրության զոհ է և որ իր զոհը, ում սպանել է Ենոքյանը, հրեա է:  Եվ որ հրեական համայնքն է՝ Լևոն Տեր-Պետրոսյանի կնոջ դեմքով դատարանից պահանջել՝ Մհեր Ենոքյանին դատապարտել գնդակահարության։ Ամբողջովին սուտ է: Ես հանդիպել եմ զոհի՝ Աղաջանովի ծնողների հետ. կիրթ և ինտելիգենտ մարդիկ են, ովքեր չունեն լաչառության բնավորության գիծ, մարդիկ են, ովքեր սուսուփուս, համեստ, այս երկրի նվիրյալ քաղաքացիներն են, և, վերջապես, մարդիկ են, որոնց երեխայի կյանքը խլել է Մհեր Ենոքյանը: Ու հաստատ հրեաներ չեն:  Ու նույնիսկ, եթե հրեա  լինեին, ես դա չեմ համարում մարդուն կյանքից զրկելու պատճառ:

-Դուք, փաստորեն,  նաև հետաքննություններ եք անցկացնում:-Գլոբալ առումով, ես ամեն ինչ ունեի այդ հարցի շուրջ խորանալու և իմ պետության դիրքորոշումը պաշտպանելու հարցում, բացի մեկ բանից՝ մոտիվից: Ես չունեի մոտիվ՝ այդ ամենով զբաղվելու, բայց այն ինձ տվեց Մհեր Ենոքյանին պաշտպանողների խումբը՝ քաղհայցով դիմելու դատարան: Եվ հիմա ես լրիվ մոտիվացված եմ՝ այս հարցով զբաղվելու համար: Դատական փուլն արդեն ավարտվում է, հունիսի 27-ին կլինի վճիռը, սպասենք՝ տեսնենք: Ուզում եմ հիշեցնել, որ ինձ Մհեր Ենոքյանը,  դատի է տվել՝ որոշելով, որ  պետք է սահմանափակվի ազատ խոսքը:  Իսկ ես ասել էի, որ քանի դեռ մեր երկրում մարդիկ իրենց իրավունք կվերապահեն տարբեր տեղերում մարդասպաններին սրբացնել, բազմաթիվ Բարաբբաներ / Հիսուսի փոխարեն Պիղատոսի կողմից ազատված մարդասպանը Tert.am/  ազատ կարձակեն ու քրիստոսներ կխաչվեն: Ինչպես նաև՝ ասել էի, որ ինձ համար մարդասպանը չունի ազգություն, ինչպես ինձ համար հավասարապես նույն հանցագործն են՝ Պերմյակովը, Բրեյվիկն ու Մհեր Ենոքյանը: Ես ջնջել եմ իմ համար նրանց ազգությունների տարբերությունը:

tert.am

Այս նյութը դիտել են - 2264 անգամ