Այսօր Կենտորն և Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկեց նախկին ԲՀԿ-ական Գևորգ Պետրոսյանի հայցն ընդդեմ ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանի՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Ավանի տարածքային խորհրդի որոշումն անվավեր ճանաչելու պահանջով: Ինչպես հիշում եք, ամիսներ առաջ աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Գևորգ Պետրոսյանին հեռացրել են ԲՀԿ շարքերից: Վերջին շրջանում Գևորգ Պետրոսյանը, ով ևս կոալիցիա կազմելու կողմնակից է, իր ֆեյսբուքյան էջում հանդես էր գալիս ԲՀԿ նախագահի հասցեին քննադատություններով:
Գևորգ Պետրոսյանի դիտարկմամբ՝ իրեն անօրինական են հեռացրել կուսակցությունից, քանի որ ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանին դուր չի եկել իր տեսակետները կուսակցության գործելաոճի մասով: Առաջին դատական նիստին ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանը չէր ներկայացել, hraparak.am-ին տեղեկացնում է Գևորգ Պետրոսյանը. «Առաջին անգամ գուցե իր կյանքում տիկին Զոհրաբյանը չներկայացավ այնտեղ, որտեղ իր կարիքը չկա և որտեղ ինքը ասելիք չունի: Եվ ամենազավեշտալին, իբր թե նա ծանուցված չի: Հ
այաստանում համարյա ամեն երրորդ քաղաքացին գիտի, որ դատական նիստ է լինելու այդ թեմայով, իսկ ինքը իբրև թե ծանուցված չի: Բայց ես հակված եմ կարծել, որ նա լրիվ անպատրաստ է այդ դատավարությանը, քանի որ ինքը գիտակցում է, որ լրիվ ապօրինի որոշում է կայացրել: Իր տեսակն ու անձը ճանաչելով՝ ես վստահաբար կարող եմ ասել, որ եթե ինքը դույզն ինչ անգամ իր գործողություններում և որոշումներում ճշմարտության և օրինականության հատիկ տեսներ, հիմա նա խժռել էր իր դիմացինին իր ամենաանողոք ձևով»:
Նախկին ԲՀԿ-ականի խոսքերով Նաիրա Զոհրաբյանը ժամանակ է ձգձգում ձգում անորոշ ակնկալիքներով. «Հակառակ դեպքում նա գոնե հայցադիմումին պատասխան կգրեր, կամ գոնե փաստաբան կուղարկեր: Բայց ինքը հասկանալով, որ իր բռնած գործը լրիվ անօրինական է և դատապարտված է համապատասխան իրավական հետևանքների իր համար, դրա համար իմ կարծիքով նա ժամանակ է ձգձգում»:
Տեղեկացնենք, որ կողմի բացակայության պատճառով դատական նիստը հետաձգվել է:
Այս նյութը դիտել են - 1352 անգամ