Դեսպան Կիրակոսյանի հայտարարությունը Հալեպի խաղաղ բնակչության դեմ ահաբեկչական հարձակումների վերաբերյալ
2016-06-16 20:52:00

Հունիսի 16-ին ԵԱՀԿ Մշտական խորհրդի 1105-րդ նիստի ընթացքում ԵԱՀԿ-ում ՀՀ առաքելության ղեկավար, դեսպան Արման Կիրակոսյանը հանդես եկավ հայտարարությամբ Սիրիայի Հալեպ քաղաքի խաղաղ բնակչության դեմ ահաբեկչական հարձակումների վերաբերյալ:

Նա մտահոգություն հայտնեց «Ալ Նուսրա ճակատ» ահաբեկչական խմբավորման կողմից Հալեպի նկատմամբ վերջին հարձակումների կապակցությամբ, ինչը հանգեցրել է բազմաթիվ զոհերի քաղաքացիական բնակչության շրջանում:

Հայկական կողմը խստիվ դատապարտեց Հալեպի քրիստոնեաբնակ թաղամասերի կանխամտածված ու հետևողական հրթիռակոծումը, որի հետևանքով միայն հայաբնակ թաղամասերում զոհվել և վիրավորվել են տասնյակ խաղաղ բնակիչներ և լուրջ վնաս է հասցվել Սուրբ Երրորդության «Զվարթնոց» հայկական կաթոլիկ եկեղեցուն, հայկական ծերանոցին և պատմամշակութային ու գիտակրթական նշանակության այլ շենքերի:

ՀՀ դեսպանը նշեց, որ վերջին տարիներին Հայաստանի առաքելությունը հետևողականորեն բարձրաձայնել է Սիրիայում և Իրաքում գործող օտարերկրյա ահաբեկիչ գրոհայինների, մասնավորապես, «Իսլամական պետություն», «Ալ Նուսրա ճակատ», ինչպես նաև «Ալ Քաիդա»-յի հետ առնչություն ունեցող ահաբեկչական այլ խմբավորումների խնդիրը: Ընդգծվեց, որ էթնիկ ու կրոնական փոքրամասնությունները, այդ թվում՝ հայկական համայնքը, հանդիսանում են այդ խմբավորումների առաջնային թիրախը:

Դեսպան Կիրակոսյանը նշեց, որ վերոհիշյալ ահաբեկչական կազմավորումների գործողությունները լուրջ սպառնալիք են ներկայացնում ԵԱՀԿ տարածաշրջանի անվտանգության համար: Բռնի ծայրահեղականությունը, արմատականացումն ու ահաբեկչությունը թիրախ են դարձնում էթնիկ ու կրոնական փոքրամասնություններին, սպառնում նրանց գոյությանը Մերձավոր Արևելքում ու առավել սրում ԵԱՀԿ տարածքում առկա միգրացիոն ճգնաժամը: Հայոց ցեղասպանությունը վերապրածներն են ձևավորել Հալեպի հայկական համայնքը, և 101 տարի անց այդ համայնքը պայքարում է իր գոյության համար ահաբեկչական խմբավորումներին ցուցաբերվող անդրսահմանային աջակցության պայմաններում:

ՀՀ դեսպանը հղում կատարեց ԵԱՀԿ Բազելի ու Բելգրադի նախարարական հռչակագրերին և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թիվ 2170, 2178, 2199 և 2249 բանաձևերին՝ կոչ անելով բոլոր մասնակից պետություններին առանց որևէ նախապայմանների իրականացնել վերոհիշյալ փաստաթղթերով ստանձնած պարտավորությունները ահաբեկչության դեմ պայքարում: Արման Կիրակոսյանը, մասնավորապես, կոչ արեց Թուրքիային կանխել ահաբեկչական խմբերի կողմից քաղաքացիական բնակչության, այդ թվում՝ Սիրիայում կրոնական և էթնիկ փոքրամասնությունների նկատմամբ անդրսահմանային հարձակումներ իրականացնելու նպատակով իր տարածքի օգտագործումը:

Այս նյութը դիտել են - 1568 անգամ