Գալուստ Սահակյանը թաքցնում է հանցագործներին
2016-06-18 09:13:00
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի խոհերն արդեն ընտրական ժամանակների մեջ են և նա հետևողականորեն նորանոր դատողություններ է շրջանառության մեջ դնում այդ թեմայով: Ճիշտ է, դրանց մի մասն այդպես էլ անհասանելի է մնում սովորական ուղեղների համար, ինչպես օրինակ, այս միտքը՝ «Պետք է ամեն ինչ անել, որ և՛ ընդդիմությունը, և՛ քաղաքացիական հասարակությունը հասկանան, թե ովքեր են ընտրվում և ինչի համար»: Բայց որոշ դեպքերում նրա միտքը նոր մտքերի է ծնունդ տալիս:
Այսպես, Գալուստ Սահակյանը համոզված է, որ ընտրակաշառքն այնպիսի մի բան է, որը կա ամբողջ աշխարհում: Ու հետո պարզվում է, որ համայն աշխարհում ընդամենը մեկ սպիտակ կետ կա, որտեղ տեղյակ չեն ընտրակաշառք երևույթի մասին, և դա ՀՀԿ-ն է: «Մենք որևէ անգամ ընտրակաշառք չենք տվել»,- ասում է նա, իսկ հետո չափազանց պատասխանատու հայտարարություն է անում. «Մեկ առ մեկ գիտեմ` ով ինչ ընտրակաշառք է տվել»:
Ոչ ոք չի կարող հիշել որևէ դեպք, երբ ԱԺ նախագահը հայտարարություն է ներկայացրել հանցագործության մասին և կամ հրապարակավ հայտարարել է նրա անունը, ով ընտրակաշառք է բաժանել: Այսինքն Սահակյանն իմացել է հանցագործներին, սակայն այդ փաստը թաքցրել է հանրությունից ու իրավապահ մարմիններից: Ստացվում է, որ նա կամ քողարկում է օրինազանցությունը, կամ հովանավորում է օրինախախտներին: Իսկ եթե դա այդպես չէ, այսինքն Գալուստ Սահակյանը ոչ մեկին էլ չգիտի, ուրեմն նա զրպարտում ու սուտ է խոսում: Երկու դեպքերն էլ ԱԺ նախագահի օգտին չեն:

shame.am
Այս նյութը դիտել են - 1422 անգամ