Վերջին օրերին լրատվամիջոցներն ակնարկեցին այն մասին, թե նախանշվում է «Ալյանս» և «Ռեֆորմիստներ» կուսակցությունների համագործակցություն: Այն, որ ԲՀԿ-ից մասնատված Տիգրան Ուրիխանյանի և Վահան Բաբայանի ջրերը կարող են նույն առվով հոսել, այնքան էլ զարմանալի բան չէ: Ի վերջո, երկուսն էլ ժամանակին հաշտ ու համերաշխ գոյատևել են նույն տանիքի տակ, ի՞նչը պիտի այժմ խոչընդոտի, որ նախկինի պես խարիսխ նետեն մեկ այլ հարկի ներքո, ինչպես թերթերն են պնդում, «Ալյանս»-«Ռեֆորմիստներ» ապագա տանդեմը վերածվի ՀՀԿ-ի «պահեստային» ուժի»:
Բայց ահա այսօր ռեֆորմիստների կուսակցության մամուլի ծառայությունը տարածեց մի հաղորդագրություն, ուր ասվում է. «Ռեֆորմիստների կուսակցությունը պաշտոնապես հայտնում է, որ երեկ մամուլում տեղ գտած լուրերը «Ալյանս» կուսակցության հետ Ռեֆորմիստների դաշինք կազմելու մասին չեն համապատասխանում իրականությանը։ Ռեֆորմիստների կուսակցության օրակարգում նման հարց չկա»:
Այսպիսի վերջնագրային արձագանքն այնքան էլ սպասելի չէր: Մինչդեռ դրա մեջ զարմանալի քիչ բան պիտի լինի: Բանն այն է, որ երկու նորաթուխ քաղաքական ուժերի լույս աշխարհ բերելն իր հերթին ենթադրել է միանգամայն այլ բնույթի գործունեություն, այսինքն՝ աշխատանքի բաժանումը կատարվել է այլ սկզբունքով: Մեկը ներկայանում է երդվյալ ընդդիմություն, մյուսը հանդես է գալիս երդվյալ իշխանամետների դիրքերից: Ու թեև երկուսն էլ աշխատում են միևնույն նպատակի համար, սակայն դերաբաշխումը բացառում է նրանց առնչությունները, իսկ համագործակցությունն՝ առավել ևս: Այնպես որ, եթե կան մարդիկ, որոնք արդեն նկատել են Ուրիխանյանի և Բաբայանի ընդհանրություները, ապա դրա ճշմարտացի լինելը քիչ է: Պետք է նաև հասկանալ, թե ինչերով է պայմանավորված «Ալյանսի» ու «Ռեֆորմիաստների» գոյությունը, և որ պայմանների դեպքում նրանք դեռ կմնան փոքրիկ, բայց օգտագործելի միջոցներ:
Այս նյութը դիտել են - 1233 անգամ