ԵՍ ՉԵՄ ՈՒԶՈՒՄ ԱՐՑԱԽՑԻՆ ԹՈՂՆԻ ԻՐ ԲՆԱԿԱՎԱՅՐԸ 2016-06-18 09:40:00
Հոգիս դատարկվում է, երբ լսում եմ, որ իմ կողքին ապրող արցախցին թողնում է իր բնակավայրը, որտեղ մարդը ծնվել, ապրել ու արարել է տարիներ շարունակ:
Ուզում եմ հոգումս ծանրացած այս ցավը բարձրաձայնել ամենուր, ուզում եմ ասել` ինչու՞ հերթը մեզ էլ հասավ, այս փոքրիկ երկարամասի բնակիչներին: Ընդամենը չեմ ուզում իմ կողքին ապրող արցախցին հեռանա այստեղից, ես չեմ ուզում նրանք տեղափոխվեն մեկ այլ վայր, որտեղ խաղաղ է կյանքը, որտեղ կարոտը հայրենի եզերքի հանդեպ սպանում է մարդու հոգին:
Ես չեմ ուզում իմ դասավանդելիք դասարաններում դպրոցական նստարանները թափուր տեսնել և երանի եմ տալիս մեր այն օրերին, երբ ձմեռային ցրտին դասարանների վառարաններից հետ տվող ծխից մեր արցունքոտված աչքերն էինք տրորում կամ երբ այդ նույն ցրտին դպրոցի միջանցքում բացատրում էի կիսատ մնացած դասանյութի շարունակությունը, և քիչ էր մնում ձեռքիս ափի մեջ գրեի խոսքս, որ ասածս հասանելի լիներ իմ շուրջը հավաքված աշակերտներին:
Ես երանի եմ տալիս այն օրերին, երբ սահմանից եկող կրակահերթերի արձագանքների տակ իր ծննդյան օրն իմ աշակերտուհին արտասվալից աչքերով հայրենի եզերքի սերը երգեց: Սահմանի մոտ հրետանային կրակոցներ էին, իսկ սահմանից ոչ շատ հեռու դասարանի մյուս աշակերտներն էլ սկսեցին ձայնակցել հոբելյարին: Ես կարոտում եմ այն օրը, երբ ի զարմանք ինձ` իմ աշակերտուհին ասաց, որ սիրում է զինվորական համազգեստը և ուզում է դիպուկահարուհի դառնա, որ լրացնի հայոց բանակի շարքերը:
Այդ օրերին ոչ ոք չէր մտածում Արցախը թողնելու մասին, այդ օրերին ավելի ամուր էինք կանգնած մայր հողին: Ի՞նչը փոխեց իրավիճակը… Ապրիլյան պատերա՞զմը, թե՞ շրջապատի խարդավանքները, բաց լուսամուտնե՞րը դեպի օտար եզերքներ, որ ազատ իրավունք ունի յուրաքանչյուր ոք թողնի այս ճաքճքած հողը…Գուցե լավ կյանքի երազա՞նքը, թե՞ օտար բարքերը, որ մերոնք էլ սկսել են կարոտել: Իսկ ես կարոտում եմ իմ անցած օրերը, երբ իմ աշակերտներին հարցրի, թե որտեղ կցանկանային ապրել, շատ–շատերը զարմացած ինձ նայեցին, որ մի՞թե Արցախի կողքին կա մի ուրիշ աշխարհ, որին կարող էին նախապատվություն տալ:
Ես կարոտում եմ իմ աշակերտուհու սրտառուչ տողերին. «Որտեղ էլ լինեմ, գիտեմ, որ Արցախն իմ աստղն է, առանց որի ապրել չեմ կարող, և ուր էլ գնամ, կհասկանամ, որ «Ամենից սիրուն, լավ տունը, որ կա, էս գորշ խրճիթն է, Էս հին խրճիթն է, գետի եզերքին, Ծառերի տակին», ու կշարունակեմ ապրել իմ հայրենի հողում` ականջս սահմանային կրակոցների ձայնին, հոգիս` տագնապով լեցուն»:
Հոգիս տխուր է, ես չեմ ուզում բնավեր դառնա իմ ժողովուրդը և արդեն կարոտում եմ նրանց, ովքեր պիտի հեռանան այստեղից...Ցավոտ է, բայց կարոտս անուններ ունի...
Նատաշա Պողոսյան
Արցախի վաստակավոր մանկավարժ,
Մարտակերտի Վլադիմիր Բալայանի անվան միջնակարգ դպրոցի
հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի
Այս նյութը դիտել են - 1725 անգամ