Մի՞թե Սեյրան Օհանյանը չի կարողանում արգելել կնոջը՝ մի փոքր ավելի զսպվածություն ցուցաբերել, երբ երկիրը պատերազմի մեջ է....
2016-06-18 22:20:00

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կնոջ ակտիվությունը համացանցում շատ է քննարկվում։ Քննարկվելուց զատ՝ նաեւ քննադատվում է։ «Զինվորական բժիշկների ասոցիացիա» ՀԿ նախագահ, առողջապահության նախարարի խորհրդական Ռուզաննա Խաչատրյանը շատ է սիրում ֆոտոսեսիաներ անել, որտեղ հատկապես աչքի են զարնում նրա հագուստի եւ ծաղիկների, երբեմն թռչունների ու կենդանիների, գույների ու ձեւավորման համադրություններն իր հագուստի հետ։ Թե որքանով է ճաշակի եւ նորաձեւության բարձրակետ համարվում, օրինակ, կարմիր զգեստը կարմիր վարդերի հետ համադրելը կամ սեւը՝ սպիտակի, կիմանան ճաշակի եւ նորաձեւության մասնագետները։

 

Բայց ռոմանտիկ ոճով ու ժպիտը դեմքին իրականացվող այդ ֆոտոսեսիաներին երբեմն մասնակցություն են ունենում նաեւ նրա նախարար ամուսինը, երեխաները, զինվորականներ, զոհվածների հարազատներ։ Իսկ այս տարվա Զատկի տոնին համապատասխան հագուստով ֆոտոսեսիան, որից մի քանի օր անց սկսվեց պատերազմը, մի տեսակ լցրեց հասարակության համբերության բաժակը՝ պաշտպանության նախարարին ուղղված կոչեր հնչեցին. «Մի՞թե չի կարողանում արգելել կնոջը՝ մի փոքր ավելի զսպվածություն ցուցաբերել, երբ երկիրը պատերազմի մեջ է, եւ սահմանին զոհեր ենք տալիս»։ Չէ՞ որ այդ ակտիվությամբ վնասում է ամուսնու հեղինակությանը, որին ինչ-որ պահի անգամ ապագա նախագահացու էին պատկերացնում։ Գուցե պաշտպանության նախարարի տիկինն շտապո՞ւմ է առաջին տիկնոջ կերպարի մեջ մտնել։

Կնոջ ֆոտոսեսիաների եւ դրանց շուրջ քննադատությունների առումով նախարար Սեյրան Օհանյանն օրեր առաջ մեզ հետ զրույցում ասաց․ «Յուրաքանչյուր ոք այսօր իրավունք ունի եւ պարտավոր է եւ աշխատել, եւ գործունեություն ծավալել իր ֆունկցիոնալ պարտականությունների, ես նկատի ունեմ՝ իր մասնագիտական կարողությունների շրջանակներում, եւ եթե հնարավոր է՝ նաեւ հասարակական գործունեություն ծավալելու ուղղությամբ։ Իր կողմից ծավալած հասարակական գործունեությունը, միանշանակ, համաձայնեցված է ինձ հետ եւ ուղղված է ռազմական բժիշկների ընդհանուր համակարգային գործունեության մեջ հասարակական գործունեության իրականացմանը։

 Այն ուղղված պետք է լինի բժիշկների համախմբմանը, նրանց մասնագիտական կարողությունների բարձրացմանը, նրանց գիտական գործունեությանը եւ, ամենակարեւորը, սոցիալական խնդիրների լուծմանը, որոնք որ այսօր կան բանակի շուրջը»։

Նորից ընդգծեցինք՝ խոսքը ֆոտոսեսիաների, ֆեյսբուքյան ակտիվության մասին է։ «Հիմա ես ասեմ։ Եթե դու քո աշխատանքի մեջ, հասարակության մեջ եւ տանը անընդհատ լսում ես բարձրաձայնված հարցեր այս կամ այն խնդիրների, պրոբլեմների մասին, եւ նույնն էլ տանը դիմում են իմ կնոջը եւ ասում են՝ այս հարցով խնդրում եմ օգնեք, այս հարցով խնդրում եմ աջակցեք, եւ, միանշանակ, ես այդ աջակցման գործունեության մեջ ե՛ւ գործի տեղն եմ, ե՛ւ հասարակության մեջ եմ, ե՛ւ տանն եմ։ Դրա համար ես որոշել եմ, որ իրեն էլ ընդգրկեմ։ Եթե ուսումնասիրեք նրանց գործունեությունը, կտեսնեք, որ բազմաթիվ են այն աշխատանքները, որոնք ուղղված են այս կամ այն մարդուն, անձին աջակցելու, ազատամարտի վետերաններին, զինվորականներին»։

- Բայց Դուք տեսնում եք, որ շատ են քննադատում...

- Ի՞նչն են քննադատում։

- Նրա հրապարակային լուսանկարները, զգեստների-ծաղիկների համադրությունը, որոնք վառ արտահայտված եւ պարբերական բնույթ են կրում, դրանց տակ տարատեսակ ենթատեքստեր են դրվում...

- Ի՞նչ եք կարծում, տարվա ընթացքում մարդ չի՞ կարող մի քանի ծաղկեփունջ գնել... այսօր երկրագնդի վրա կան միլիարդից ավել օգտատերեր, ով չի ուզում, թող չնայի։

- Բայց դրանք քննադատվում են, այդ քննադատությունները նաեւ Ձեզ են ուղղվում։ Դուք խոսե՞լ եք Ձեր կնոջ հետ այդ հարցի մասին, չե՞ք փորձել փոխել մոտեցումը։

- Ինչի՞ համար, ի՞նչ անօրինական գործունեություն է ծավալում։

- Անօրինական չէ, բայց Դուք եւ Ձեր կինը հրապարակային դեմք եք, եւ ձեր ամեն մի քայլ տարբեր ասոցիացիաներ է առաջացնում, տարբեր ենթատեքստեր ու գնահատականներ են տրվում, գուցե ինչ-որ բան սխա՞լ է, ի վերջո, որ այդքան քննադատում են։

- Իսկ ինչո՞ւ չեք այն իրականության մեջ նայում, որ ինքն այցելում է զոհվածներին, այցելում է, աջակցություն է ցուցաբերում, ասենք, տարբեր սոցիալական խնդիրներ ունեցող անձնավորությունների։

- Այդ դեպքում չե՞ք կարծում, որ նման քննադատությունները վնասում են Ձեր պատկերացրած այդ օգտակար աշխատանքին։

- Գիտե՞ք, մեր իրականության մեջ քննադատելու են ամեն ինչ, այնպես, ինչպես, օրինակ, այսօր դժվար պահին որեւիցե մի կառույց անհրաժեշտ է, բայց երբ որ վտանգները հեռանում են, այդ կառույցը դառնում է արդեն ոչ անհրաժեշտ, քննադատության է ենթարկվում։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

hraparak.am

Այս նյութը դիտել են - 9128 անգամ