Այսօր մեկնարկում է ԵԽԽՎ ամառային նստաշրջանը
2016-06-20 00:35:00

Այսօր Ստրասբուրգում մեկնարկում է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ամառային նստաշրջանը, որը կտևի հունիսի 20-ից 24-ը։

Այս նստաշրջանում ԵԽԽՎ-ում ելույթ կունենան Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասն ու Էստոնիայի վարչապետ Տաավի Ռիյվասը։

ԵԽԽՎ նիստերին մասնակցելու համար Ստրասբուրգ է ժամանել նաև ԵԽԽՎ-ում Ուկրաինայի պատվիրակության կազմում ընդգրկված Նադեժդա Սավչենկոն։

Վեհաժողովի օրակարգային թեմաներն են լինելու Թուրքիայում ժողովրդավարական ինստիտուտների գործունեության վերաբերյալ զեկույցը, Հունաստանում փախստականների խնդիրը, միգրանտների նկատմամբ բռնությունները, Եվրոպական ինստիտուտների թափանցիկությունը, հավասարության խթանումն ու զինված ուժերում գենդերային հիմքով պայմանավորված կանանց նկատմամբ բռնություններին վերջ տալը։

Էստոնիայի արտաքին գործերի նախարար, ներկայումս ԵԽ նախարարների կոմիտեում նախագահող Մարինա Կալջուրանդը կներկայացնի նախարարների կոմիտեի գործունեությունը և կպատասխանի հարցերին։ Խորհրդարանականների հարցերին կպատասխանի նաև  ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը։

ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտը ներկայացնելու է համաեվրոպական  «#NoHateNoFear»՝ «Ոչ ատելությանը, ոչ վախին», նախաձեռնությունը:

Այս նյութը դիտել են - 1769 անգամ