Երբեմն հոգիս արտասվում է, երբեմն ուրախությունից վեր թռչում հանկարծ, օրերը դառնում են անզուսպ, սրտիս կցկտուր զարկերն եմ լսում, անհագ կարոտով սպասում լուսավոր օրվա…Անցած օրերի իմ դասերին էլ երբեմն հույսը գունատված էր երևում, ցավի փոշիներ էի տեսնում անցնելիք ճանապարհիս, ձմռան ցրտին երազներս փաթիլվում էին, այդ պահերին երբեմն քարն էլ ճչում էր սուր ցավից: Իսկ երբ բնության երգն էի ուսումնասիրում, երբեմն իմ ծառը չէր ժպտում, ծաղիկներն էլ տխուր էին, խաշամն էլ` գունաթափված….Այդ պահերին թվում էր` երկնի լուսատուն էլ արտասվում էր` չարիքի դեմ հառած իր անզորությամբ:
Հոգուս ալեկոծության պահերին ուզում եմ գրկել մի բառ, որ ինքնին լույս է արձակում, այդ լույսն ուզում եմ դարձնել առկայծող ճրագ, հույսով սպասում, որ լուսաբերը մի նոր արշալույս կավետի, նորալուսինը` մի նոր արևածագ, վերջալույսը օրվա ավարտին կժպտա ուրախ, լուսնաթաթախ կդառնա անցնելիք ճամփաս, ամենուր կցանվի լույսը` մի նոր խաղաղ ու լուսավոր կյանք ավետելով: Իմ ստեղծած աշխարհում ամենուր ուզում եմ կանաչ լինի, լեռները թռչեն ուրախ, աստղերը` ժպտան, առուները կարկաչեն, անգամ ձյունի ծիծաղը լսելի դառնա: Ամեն անգամ հուզախռով հոգիս ամուր գրկում է այդ լուսավոր կյանքը, որպեսզի դիմադարձ լինի ցավոտ օրերիս, որտեղ անկյանք մի կյանք կա, տխուր հառաչանք, հավատի կորուստ, մի մեռած հոգի:
Անցած օրերիս էլ իմ գունաթափված օրերի ցավի փոշիներն էի հավաքում, որ կարողանայի մեր լավ օրերի հեքիաթը հյուսել: Անցյալի դառն օրերի հուշերի փոշին սրբում էի այդ օրերին, որ նորերի հետ խնամքով զետեղեմ ցավի հուշամատյանում: Խնդրում էի Աստծուն՝ ամենուր լույս տա և գիշերային լռության մեջ մտովի աստղազարդ երկնքին ամեն օր <> էի ասեղնագործում, որ արշալույսները նորովի բացվեին: Եվ եթե հանկարծ ամպի թելեր էի տեսնում երկնքում, դողում էր սիրտս, տրոփում անձայն, իսկ երբ հանկարծ թախծի շիթեր էին երևում նորից, իմ ցավոտ հոգին քրքրված մի փոքրիկ արև էր փնտրում: Եվ լուսաբացին արևի թախծոտ աչքերն էի ես կամաց շոյում, իսկ կեսգիշերին ձեռքերս էի պարզում աստղի թևերին:
Իմ ցավոտ հոգին այս օրերին էլ ուզում է անվերջ լույսեր տարածել… Խավարի միջից աստղերն եմ հաշվում, ծիծաղն եմ գրկում արևոտ օրվա, ջինջ առվակների կարկաչն եմ լսում, մտքիս ճախրանքը` լռին ու խոսուն…Ես երազում եմ խաղաղված հոգի, մարած ժպիտներ չեմ ուզում կյանքում, ուզում եմ դրանց կենդանություն տամ, որ կարողանամ ծիծաղի մանրիկ կտորներ ցանեմ:
Նատաշա Պողոսյան Արցախի վաստակավոր մանկավարժ, Մարտակերտի Վլադիմիր Բալայանի անվան միջնակարգ դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի
Այս նյութը դիտել են - 1358 անգամ