Գագիկ Բունիաթյանի որդին ամերիկյան համալսարանում սովորելու է «Լույս» հիմնադրամի միջոցներով...2016-06-22 20:53:00
Հատկապես ապրիլյան պատրերազմից հետո նոր թափ հավաքեցին խոսակցություններն այն մասին, թե ինչո՞ւ են բանակում ծառայում միայն չքավորների զավակները, իսկ ունևորներն ու իշխանավորները կարողանում են զանազան պատճառաբանություններով իրենց որդիներին հեռու պահել այդ ծանր պարտականությունից: Եվ այն ժամանակ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը վստահեցրեց, որ սոցիալական արդարության սկզբունքը վերահսկվելու է: Վստահեցրեց, բայց չվերահսկեց:
Եվ ահա հերթական օրինակը: Հինգշաբթի օրը կառավարության նիստի օրակարգում կլինի մինչև 2021թ. պարտադիր զինվորական ծառայության զորակոչից Դավիթ Բունիաթյանին տարեկետում է տալու հարցը: Կարծում ենք, հարկ չկա հուշելու, որ այս երիտասարդը ՀՌԱՀ նախագահ, Հ1-ի նախկին գործադիր տնօրեն Գագիկ Բունիաթյանի որդին է: Ամենակարող հայրը նրան ոչ միայն բանակից կազատի, այլև արդեն ուղարկել է Հայաստանից շատ ու շատ հեռու՝ Միացյալ Նահանգներ: Հենց այստեղ էլ կրտսեր Բունիաթյանը Փրինսթոնի համալսարանի ասպիրանտուրայում «Համակարգչային գիտություններ» կուսումնասիրի:
Ի դեպ, նշենք, որ այս խիստ թանկարժեք ուսումնական հաստատությունում սովորելը Գագիկ Բունիաթյանի գրպանի պարունակության վրա որևէ կերպ չի անդրադառնա: Հնարամիտ հայրիկը այդ գործն էլ է գլուխ բերել բարձր մակարդակով: Նրա որդին ամերիկյան այդ համալսարանում սովորելու է «Լույս» հիմնադրամի միջոցներով:
Հիմա արդեն ո՞ւմ համար պիտի անհասկանալի մնա, թե ինչո՞ւ են չքավորների երեխաները կանգնում առաջին գծում, իսկ Բունիաթյանի որդին՝ Փրինսթոնի փողոցներում:
shame.am
Այս նյութը դիտել են - 1342 անգամ