Պտղնիի բնակիչները ուրիշ ի՞նչ պիտի մտածեն Բաղդասարյանի մասին...
2015-12-17 02:59:00

Ամեն անգամ, երբ խորհրդարանում քննության է դրվում երկրի հիմնական ֆինանսական փաստաթուղթը, ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն անմիջապես հանդես է գալիս այս կամ այն նպատակի համար միջոցներ տրամադրելու առաջարկություններով: Միանգամից մտածում ես՝ տեսեք, թե մարդն ինչքան է մտահոգ իր ընտրողների հոգսերով: Օրինակ, այս անգամ նա 2016թ. պետական բյուջեի վերաբերյալ մի քանի առաջարկ է ներկայացրել, այդ թվում՝ 68.2 մլն դրամ տրամադրել Կոտայքի մարզի Պտղնի գյուղի գյուղամիջյան ճանապարհի վերանորոգման և ամբողջական տեսքի բերելու համար: Պտղնիի բնակիչները ուրիշ ի՞նչ պիտի մտածեն Բաղդասարյանի մասին, բացի այն, որ ամեն օր օրհնանքի խոսքեր պիտի մրմնջան նրա հասցեին:

 Բայց արի ու տես, որ բնակիչներն իրենց բարեմաղթանքների հարցում չեն շտապում՝ հատկապես որ կառավարությունն էլ իր հերթին չընդունեց ՀՀԿ խմբակցության ղեկավարի ներկայացրած առաջարկը՝ պատճառաբանելով, որ դա առաջնահերթ չէ: Բանն այն է, որ մարդիկ դեռ էն գլխից էին հասկացել, որ Բաղդասարյանի աչքերն իրենց համար առանձնապես չեն սառում և որ ճանապարհի վերանորոգման մասին առաջարկը պատահական չի ներկայացվել. Պտղնիում է գտնվում Վահրամ Բաղդասարյանի ամառանոցը, դե նա էլ փորձել էր պետության փողերվ իր սեփական կարիքները բավարարել:


Եվ սա առաջին դեպքը չէ: Օրինակ, նախորդ տարի էլ 2015թ. բյուջեի նախագծում Բաղդասարյանն առաջարկել էր գումար տրամադրել Վանաձորի թիվ 31 մանկապարտեզին, բայց այդ լուրից ոչ երեխաները և ոչ էլ նրանց ծնողները չոգևորվեցին, քանի որ այդ հաստատության տնօրենը Բաղդասարյանի եղբոր կինն է՝ Սուսաննա Գրիգորյանը, ու հազիվ թե սաները ակնկալվող գումարի պտուղները տեսնեին:

Ահա այսպիսին է ժողովրդի ընտրյալ ՀՀԿ-ական պատգամավորը: Ոգևորվում է միայն այն ժամանակ, երբ իրեն նյութապես են խրախուսում: Իսկ եթե չեն խրախուսում, ինքն է սկում ինքնախրախուսվել:

 Աղբյուրը՝ http://www.shame.am/news/view/61376.html

Այս նյութը դիտել են - 1764 անգամ