Ռուզաննա Խաչատրյանը նվիրատվություն է կատարել...
2016-06-23 15:13:00

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն» ՊՈԱԿ-ում «Յուլիայի սկյուռիկները» բարեգործական հիմնադրամի հիմնադիր-նախագահ, բժշկուհի Ջուլիետա Կիվորկովայի հովանավորությամբ գործող ատամնաբուժական կաբինետը համալրվել է իտալական գերժամանակակից ռենտգեն սարքավորումով (MYRAY Zen-x, MYRAY RXDC), որը ձեռք է բերվել «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Ռուզաննա Խաչատրյանի և ՀՀ-ում Լեհաստանի արտակարգ ու լիազոր դեսպան Եժի Մարեկ Նովակովսկու տիկին Յադվիգա Նովակովսկայի նվիրատվությունների շնորհիվ:

Հունիսի 22-ին տեխնիկապես վերազինված ատամնաբուժական կաբինետում տեղի է ունեցել Ռուզաննա Խաչատրյանի և Յադվիգա Նովակովսկայի հանդիպումը բուժանձնակազմի հետ, որի ընթացքում քննարկվել են մի շարք մասնագիտական հարցեր:

«Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն» ՊՈԱԿ-ի տնօրեն Հասմիկ Մկրտչյանը, «Յուլիայի սկյուռիկները» բարեգործական հիմնադրամի հիմնադիր-նախագահ Ջուլիետա Կիվորկովան, գործադիր տնօրեն Հովհաննես Աբրահամյանը և ատամնաբուժական կաբինետի բուժանձնակազմը երախտագիտության ջերմ խոսքեր ուղղեցին հյուրերին:

«Մեր հայրենակից, բարերար, բժշկուհի Ջուլիետա Կիվորկովայի գլխավորած թիմի և մանկատան անձնակազմի անունից արժեքավոր նվերի համար խորին շնորհակալություն եմ հայտնում տիկին Ռուզաննա Խաչատրյանին և տիկին Յադվիգա Նովակովսկային: Այսուհետ երեխաների առողջության բարելավման գործընթացն առավել դյուրին և արդյունավետ կլինի: Այս երեխաները բոլորիս ուշադրության և հոգածության կարիքն ունեն»,-ասաց «Յուլիայի սկյուռիկները» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Աբրահամյանը:

«Յուլիայի սկյուռիկները» հիմնադրամի հիմնադիր-նախագահ Ջուլիետա Կիվորկովան կարևորեց Ռուզաննա Խաչատրյանի և «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի հետ համագործակցությունը. ««Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Ռուզաննա Խաչատրյանը մասնագիտությամբ ստոմատոլոգ է: Մենք՝ որպես գործընկերներ, բազմիցս քննարկումներ ենք ծավալել մասնագիտական հարցերի շուրջ: Նրան ի սկզբանե հետաքրքրեց մեր ատամնաբուժական ծառայությունը, քանի որ սպասարկում ենք հաշմանդամություն ունեցող երեխաներին: Ցավոք, կան նաև հաշմանդամություն ունեցող զինծառայողներ, որոնց բերանի խոռոչի հիվանդությունների կանխարգելումն ու բուժումն ունեն նույն առանձնահատկությունները: Հանդիպումներից մեկի ժամանակ քննարկել են նաև, այսպես կոչված, ատամնաբուժարան՝ անիվների վրա՝ շարժական ատամնաբուժական կաբինետ ստեղծելու գաղափարը, որը հագեցած կլինի ժամանակակից սարքավորումներով և կհասնի հեռավոր զորամասեր, հնարավորինս կմոտենա մարտական դիրքերին և կապահովի զինծառայողների ատամնաբուժական սպասարկումը:

 

Մենք արդեն ունենք բուժանձնակազմ, որը սիրով կօգնի հայ զինվորին: Շարժական ատամնաբուժարան ստեղծելն իմ երազանքն է, և կարծում եմ՝ համագործակցության արդյունքում այն իրականություն կդառնա»:

Խոսելով հայ-լեհական համագործակցության մասին՝ ՀՀ-ում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Եժի Մարեկ Նովակովսկու տիկին Յադվիգա Նովակովսկան պատմեց, որ իր համար կարևոր և առանձնահատուկ նշանակություն է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարի տիկին Ռուզաննա Խաչատրյանի հետ իր հանդիպումը:

«Մեր հանդիպումներից մեկի ժամանակ ՀՀ պաշտպանության նախարարի տիկնոջ հետ զրուցեցինք բարեգործության, մարդկանց աջակցելու մասին: Նա նրբանկատ կին է և գիտի, թե ինչպես պետք է օգնել մարդկանց: Երբ նրան պատմեցի մանկատանն արդեն մի քանի տարի գործող ատամնաբուժական կաբինետի մասին, անմիջապես աջակցելու պատրաստակամություն հայտնեց: Ես չափազանց ուրախ եմ, որ այսօր մեր համատեղ ջանքերի շնորհիվ ատամնաբուժական կաբինետը համալրվել է ռենտգեն սարքավորումով, որի անհրաժեշտությունն իսկապես մեծ էր»,- նշել է Յադվիգա Նովակովսկան:

Այս նյութը դիտել են - 3809 անգամ