Հայաստանը կրկին վարկ է վերցնում: Այս անգամ՝ 300 միլիոն դոլար: Եվրասիական զարգացման բանկի Եվրասիական ընկերակցության ճգնաժամային հիմնադրամի միջոցներից ներդրումային վարկ տրամադրելու համաձայնագրով այն կտան երեք տարվա ընթացում հավասար մասնաբաժիններով՝ սկսած 2015 թվականից մինչև 2017 թվականը՝ տարեկան 100 միլիոն ԱՄՆ դոլարով:
Հասկանալի է, որ այս վարկն էլ բերվում է ընդհանուր դեֆիցիտը ֆինանսավորելու համար: Բացատրությունը մեկն է՝ եթե երկիրը փողազրկվում է, պետք է այդ փողը տեղը դնել: Իսկ թե ինչու է փողազրկվում, սա արդեն այլ խոսակցություն է: Այսօր խորհրդարանում հիշեցին, որ անցած 10 ամիսների ընթացքում կուտակվել է 42 մլն հավաքագրում, որի մասին ոչ ոք չի խոսում, հիշեցին, որ բյուջեից ենք թոշակներ տալիս ու մյուս ծախսերը հոգում, արձանագրեցին, որ կրճատվել են նաև ներկրման ծավալները, որն էլ իր հերթին է բերել մուտքերի կրճատման: Եվ ի՞նչ:
Խորհրդարանում քննարկվում էր նաև Վերահսկիչ պալատի 2016-ի ծրագիրը: Քննարկման ժամանակ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը, դիմելով ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանին, ասաց. «Չեմ ուզում թվեր հնչեցնել, բայց երկու տարի առաջ, երբ 700 միլիոնի մասին խոսք գնաց, այդ ընթացքում պետական միջոցների օգտագործման արդյունավետությունը համեմատելով՝ կարո՞ղ ենք այսօր ասել, որ ունենք առաջընթաց: Ուզում եմ հասկանալ մեր գործերը լավացե՞լ են, թե՞ ոչ»: Բայց հարցը պատասխան չուներ:
Այսինքն, սկզբից բերում են 700 միլիոնը, որ վիճակը կարգավորեն, հետո վիճակը չի կարգավորվում, այդ ժամանակ բերում են 300 միլիոնը, որ չկարգավորված վիճակը կարգավորվի, և այդպես շարունակ, ու այդպես անվերջ:
Կարուսելը կանգ չի առնում: Անցած տարիների ընթացքում չի եղել մի դեպք, որ որևէ վարկի հետ կապված ստվերային խոսակցություններ չառաջանան: «Միշտ էլ վարկ վերցնելուց առաջ նախագծում չի նշվում, թե այդ վարկը հակապետական նպատակով չի վերցվում և որևէ վարկի մեջ չի ընդգծվում, որ այդ վարկը վերցնում են թալանելու, գողանալու համար: Հակառակը՝ հայտարարում են, թե բոլոր վարկերը վերցնում են շատ ազնիվ նպատակններով, պետության այս կամ այն ոլորտի զարգացման համար, տեքստային առումով դրանք շատ գեղեցիկ ու գրագետ շարադրված են, բայց գործողության մեջ ակնհայտ է դառնում բացարձակապես այլ պատկեր. դրանք իրենց նպատակին այդպես էլ չեն ծառայում»,- հայտարարեց պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
Բոլորը հրաշալի տեսնում ու գիտակցում են, թե ինչ է կատարվում, սակայն մեծ հաշվով ոչինչ չի ձեռնարկվում այդ սարսափելի թալանը կասեցնելու համար: Նույնն էլ այժմ է ստացվում: Կխոսեն, կքննադատեն, մատ թափ կտան, կկասկածեն, իսկ հետո կհաստատեն վարկը և կսպասեն այն ժամանակին, երբ դրա վերջին կոպեկը կսուզվի պղտոր ջրերի հատակը:
http://www.shame.am/news/view/61380.html