Վախի աչքերը մեծ են լինում
2016-06-24 23:16:00

Բրիտանացիները ոչ ասացին Եվրամիությանը: Կատարվեց այն, ինչից առավել շատ էին վախենում ԵՄ-ի քաղաքական ճարտարապետները: Brexit բառն այժմ շատերի համար մահախոսականի հնչեղություն է ձեռք բերել՝ սպառնալով դոմինոյի էֆեկտ ստեղծել նաև մյուս անդամ երկրների համար: Իսկ երբ տագնապն ու անհաջողույթյունները չոքում են դռանը, մարդիկ առաջին հերթին սկսում են մեղավորներ փնտրել: Հենց այդպես էլ վարվեց Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը՝ հայտարարելով, թե ԵՄ-ից երկրի դուրս գալուց «Պուտինը երջանիկ կլինի»:

 Քեմերոնը նոր բան չէր ասում: Եվրոպացիների համար, ինչպես հայտնի է, վերջին տարիներին չկա այլ սպառնալիք, քանի Ռուսաստանն է: Այնպես որ այս մի դժբախտությունն էլ կարելի է բարդել նրանց վրա: Այլ խնդիր է, թե մեղքի հասցեագրումները որքանո՞վ կմեղմեն նրանց ցավը և որքանո՞վ են դրանք կոռեկտ: Օրինակ, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն արդեն արձագանքել է սրան՝ փաստելով կոռեկտության բացակայությունը: «Կարծում եմ՝ դա ոչ այլ ինչ է, քան սեփական երկրում հանրային կարծիքի վրա ազդելու ոչ կոռեկտ փորձ: Բայց, ինչպես մենք տեսնում ենք, նույնիսկ դա ցանկալի արդյունք չտվեց: Իսկ առավել ևս քվեարկությունից հետո հայտարարել Ռուսաստանի ինչ-որ դիրքորոշման մասին, ըստ իս, ոչ ոք իրավունք չունի: Դա ոչ այլ ինչ է, քան քաղաքական մշակույթի ցածր մակարդակի դրսևորում»,- ասել է Պուտինը:

Դևիդ Քեմերոնի և մյուս եվրոպացի լիդերների համար դժվար կլինի չկիսել այս կարծիքը: Եվ խնդիրը սոսկ այն չէ, որ Բրիտանիայի վարչապետը փաստացի հարգանք չունի սեփական ժողովրդի կամարտահայտության նկատմամբ և հանրաքվեի հաղթող հատվածին անուղղակիորեն համարում է Պուտինի երջանկության երաշխավորների: Սա մեկ այլ մտայնության արգասիք էլ է դառնում: Եթե Պուտինն իսկապես այնքան հզոր է, որ Մեծ Բրիտանիան դուրս քաշեց ԵՄ-ի գրկից, ուրեմն նա կարող է ամբողջ աշխարհում վերադասավորումներ կատարել իր ցանկության և նպատակների համապատասխան: Իսկ Քեմերոնն իր մեղադրանքով հանդերձ ընդունում է Ռուսաստանի գերիշխանությունը մյուսների նկատմամբ:

 shame.am

Այս նյութը դիտել են - 1671 անգամ