Ամերիկյան Fox 11 TV-ի հայ հաղորդավարուհին՝ Հռոմի Պապի այցելության մասին
2016-06-25 01:36:00

 

 

Հունիսի 24–ին Հայաստան է ժամանել Հռոմի Ֆրանցիսկոս Պապը, որն այսօր Գյումրիում պատրաստվում է Սուրբ պատարագ մատուցել Վարդանանց հրապարակում, իսկ հետո Հռոմի Սրբազան քահանայապետը կայցելի Հայ կաթողիկե «Տիրամայր Հայաստան»  եկեղեցու Պողոսյան կրթական կենտրոն:

Պապի այցելության մասին գրում են ոչ միայն տեղական ԶԼՄ-ները, այլեւ միջազգային հանրահայտ պարբերականները: Հայաստանը կրկին հայտնվել է ամբողջ աշխարհի ուշադրության կենտրոնում:

Հռոմի պապի այցելությունը հանգամանալից լուսաբանում է նաեւ ամերիկյան Fox 11 TV առավոտյան ծրագրի հայ հաղորդավարուհի Արաքսյա Կարապետյանը: Չնայած Արաքսյան մի քանի օր առաջ է լույս աշխարհ բերել իր առաջնեկին, սոցցանցերի իր էջերին հետեւող հազարավոր բաժանորդներին տեղեկացնում է Պապի այցի մանրամասները:

Արաքսյան իր գրառումը սկսել է հետեւյալ տողերով. «Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի այցը Հայաստան՝ առաջին երկիր, որն ընդունեց քրիստոնեությունը որպես պետական կրոն»:

Արաքսյան նշել է, որ Պապին Հայաստանում դիմավորել են նախագահ Սերժ Սարգսյանը, Կաթողիկոս Գարեգին II-ը եւ այլ հոգեւոր հայրեր: 

Այնուհետեւ հաղոդրավարուհին տեղադրել է Պապի խոսքը, որում նա եւս մեկ անգամ նշել է «Ցեղասպանություն» բառը: Ի դեպ, այն նախնական տեքստում գրված չի եղել, բայց Պապը մեկ դար առաջ հայերի հետ կատարված ողբերգությունը կրկին Ցեղասպանություն է անվանել:

Արաքսյան նաեւ տեղադրել է Հռոմի Պապի՝ Հայաստան այցելության լոգոն, որում դեղինը խորհրդանշում է Վատիկանը, իսկ մանուշակագույնը՝ Էջմիածինը: Լոգոյում պատկերված են բիբլիական Արարատը եւ Խոր Վիրապը, որտեղ բանտարկված էր Սուրբ Գրիգոր Լուսավորիչը:

Իսկ վերջում Արաքսյան նշել է նաեւ իր ծննդավայր Գյումրիում Պապի Սուրբ պատարագի մասին, որին մոտ 400000 մարդ պետք է ներկա լինի:

news.am
Այս նյութը դիտել են - 2138 անգամ