ՄԵՆՔ ՄԻՇՏ ԷԼ ՈՒՆԵՆՔ ՄԱՆԿԱՎԱՐԺԻ ՏԵՍԱԿԻ ԽՆԴԻՐ
2016-06-25 01:50:00

Մանկավարժը  պետք  է երեխային  վերաբերվի  այնպես, կարծես նա  հենց     այնպիսին  է,   ինչպիսին  կուզենար   նրան  տեսնել:          

                                     Լ.  Վիգոտսկի


Մանկավարժության մեջ  հաճախակի  ենք նկատում, որ տվյալ իրավիճակին բոլորը  միատեսակ չեն մոտենում, հետևաբար մենք ունենք մանկավարժի  տեսակի խնդիր:  Մեզ  ո՞վ է ասում, որ միայն իմաստասեր մարդկանց կյանքի դասերը պետք է սերտենք:  Երբեմն  մեր  աշակերտներն էլ   կարող  են  մեզ  մի  նոր դաս  տալ,  որը  թերևս  ոչ  բոլոր  ուսուցիչներն  են  ունակ  ընկալելու  և  ընդունելու  այն: Կյանքը միշտ էլ դասեր է տալիս մարդուն, և երբեք չեմ խուսափել այդ դասերը սովորելուց`  անկախ նրանից,   թե ումից  եմ  այն  ստանում`  իմաստասեր մի մարդուց,  թե  իմ առջև նստած աշակերտից:

 
Պատահեց  այնպես,  որ  ես կյանքի դաս առա  վեցերորդ  դասարանում  սովորող  իմ աշակերտուհուց, որը նոր էր տեղափոխվել մեր դպրոց: Դեռ չէի հասցրել ծանոթանալ, աչքաբաց և ուշադիր աշակերտուհու տպավորություն թողեց ինձ վրա: Զարմանալի էր, որ դասանյութին համահունչ հանձնարարված տնային հանձնարարությունը չէր կատարել: Անհոգ  մանկության օրերի մի հուշ, մի փոքրիկ դրվագ` յուրաքանչյուրի մոտ յուրովի տարբեր, ես լսում էի իմ աշակերտների ընթերցանությունից, բայց մտքերով նորեկի հետ էի, զգացվում էր, որ մի քիչ անտրամադիր էր իմ դիտողությունից հետո:
 
Զանգը հնչեց, նա մոտեցավ ինձ և ցանկություն հայտնեց առանձին զրուցելու. «Տիկի՛ն Պողոսյան, այն ժամանակ` մանկությանս տարիներին.... Ես այդ օրերից լավ բան չեմ հիշում, որ գրեի»: Գուցե և իմ մեղմ ժպիտը նրան ամեն ինչ ասաց, բայց հոգումս մի մեծ ծանրություն զգացի: Սա կյանքի մի հիանալի դաս էր, որ այդ պահին նա ինձ մատուցեց իր մեղավոր,  բայց  նաև վիրավորված հայացքով: Ես հոգուս մեղմությունը փոխանցեցի նրան` համոզված, որ մենք հետո դեռ խոսելիք կունենանք: Այդ պահին ես  գիտակցեցի, որ շատ հաճախ պետք չէ խորանալ անհոգ, երազային մանկության մեջ`   մոռացած, որ երբեմն այն կարող է խաթարված լինել:
 
Համոզված  եմ,  որ  այսպիսի  դեպքերում  տարակարծություն կարող  է  առաջանալ  ստեղծված  իրավիճակի  վերաբերյալ,  գուցե  և  այլ  ձևերով  կընկալվի  նման երևույթը  տարբեր    ուսուցիչների կողմից:  Ես այդ  օրը   կանգնեցի նաև մի այլ երևույթի կողքի, որ իրավունք չունեմ ստիպելու աշակերտին` գրել անհոգ մանկության մասին շարադրություն, եթե խաթարված է եղել նրա մանկությունը: Ուսուցիչն այսօր ուղղորդում է աշակերտներին դեպի գիտելիքների ծովը, նա պատրաստի գիտելիքներ փոխանցող չէ, նա չպետք է թույլ տա, որ աշակերտը շեղվի այս կամ այն գրական կերպարի կամ գրողի ճիշտ ընկալումից: Հետևաբար, երբեմն  կարելի  է նաև  հրաժարվել  դասանյութի  առաջադրանքների  պահանջներից:
 
Եթե  նախօրոք  իմանայի  իմ  աշակերտուհու ամուսնալուծված  ծնողների մասին,  իմ կողմից ճիշտ մոտեցում կլիներ,  որ   նրան մյուսներից չառանձնացնելու համար   բոլոր աշակերտներին   հարցնեի, թե իրենք ընդհանրապես ինչպիսին են պատկերացնում երջանիկ մանկությունը և դրա կողքին նաև կհիշեինք շատ-շատերին, որոնք այսօր ստիպված որբանոցներում են ապրում կամ նյութական սուղ պայմանները նրանց զրկել է անհոգ մանկությունից, երևույթներ, որ առկա են այսօր ամբողջ աշխարհում:
 
Այս իրավիճակում մանկավարժը կանգնում   է երկու իրար հակասող երևույթի առջև` աշակերտին չի կարող ստիպի գրելու շարադրություն, որը նրա համար ցավոտ թեմա է, բայց նաև կա մտավախություն, որ դա կարող է   այդ  աշակերտի  մոտ  տանել իրավիճակից փրկվելու միջոցի` ծուլության,   և  այն   կարող է օրինակ ծառայել մյուսներին: Ես համոզված եմ, որ   նման իրավիճակում    ուսուցչի   ուղղորդմամբ  աշակերտը  կկարողանա  ներկայացնի թեկուզ  և  իր պատկերացրած   երջանիկ   մանկության   մասին   մտորումները: Բայց  նաև  հաշվի  առնենք  մի այլ  երևույթ,  որ  երբեմն  մենք կարող  ենք  հրաժարվել   դասագրքերի  առաջադրանքների  պահանջներից`  ելնելով ստեղծված  հանգամանքներից:
 
Նատաշա Պողոսյան
Արցախի վաստակավոր մանկավարժ,
Մարտակերտի Վլադիմիր Բալայանի անվան միջնակարգ դպրոցի
հայոց լեզվիև գրականության ուսուցչուհի
                                                            

              
Այս նյութը դիտել են - 2378 անգամ