Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապն իր առաջին հարցազրույցն է տվել հայաստանյան իր ուխտագնացությունից հետո: Մասնավորապես Հովվապետն անդրադարձել է 1915-ին Օսմանյան կայսրությունում Հայոց Ցեղասպանության հարցին եւ ասել, որ այլ բառ ինքը չի կարող գտնել, քան «ցեղասպանություն» տերմինը՝ որակելու համար Օսմանյան կայսրությունում հայերի մասսայական կոտորածները:
Il Sole 24 Ore-ի հետ զրույցում Սրբազան Քահանայապետը կիսվել է հայաստանյան իր ուխտագնացության տպավորություններով: «Ես շրջանցեցի արարողակարգը եւ ՀՀ նախագահի նստավայրում կիրառեցի «ցեղասպանություն» տերմինը, թեեւ իմ խոսքի գրավոր տարբերակի մեջ այն չկար:
Երբ Արգենտինայում խոսում են 1915-ի հայերի կոտորածների մասին, միշտ կիրառում են «ցեղասպանություն» բառը, եւ մենք Բուենոս Այրեսում նույնիսկ խաչքար ունենք՝ ի հիշատակ Հայոց Ցեղասպանության զոհերի: Ես այլ բառ չգիտեմ որակելու համար հայերի կոտորածները Օսմանյան կայսրությունում: Երբ եկա Հռոմ, լսեցի մեկ այլ բառ` «մեծ չարիք»: Ինձ ասացին, որ «ցեղասպանություն» բառը վիրավորական է: Սակայն ես միշտ խոսել եմ երեք ցեղասպանությունների մասին` Հայոց Ցեղասպանության, Հիտլերի իրագործած Ցեղասպանության եւ Ստալինի իրագործած Ցեղասպանության մասին: ՀՀ նախագահի պալատում, լսելով այն տոնը, որով ինձ դիմեց Հայաստանի նախագահը, ես օգտագործեցի նույն բառը, ինչ ասել էի մեկ տարի առաջ»,- ասել է Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը:
Գրում է ` hraparak.am-ը
Այս նյութը դիտել են - 1282 անգամ