Անկարան պատրաստ է փոխհատուցել Մոսկվային հասցրած վնասը խոցված «Սու-24» ռմբակոծիչի համար. Յըլդըրմ
2016-06-27 23:12:00

Անկարան պատրաստ է փոխհատուցել Մոսկվային հասցրած վնասը խոցված «Սու-24» ռմբակոծիչի համար՝ հայտարարել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրմը։ Այս մասին փոխանցում է RIA Novosti-ն։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը երկուշաբթի հայտնել էր, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Պուտինին հղված ուղերձում ներողություն էր խնդրել խոցված ինքնաթիռի համար՝ արտահայտելով կարեկցանքի ու ցավակցանքի խոսքեր՝ կապված օդաչուի մահվան հետ, ինչպես նաև հայտարարել, որ Թուրքիան չի ցանկացել փչացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ, և որ Մոսկվան Անկարայի համար ռազմավարական գործընկեր է։

Երկկողմ հարաբերությունների նորմալացման համար ռուսական իշխանություններն անհրաժեշտ են համարել, որ Անկարան ոչ միայն ներողություն խնդրի, այլև փոխհատուցի վնասը։

«Մենք արտահայտել ենք մեր ափսոսանքը և անհրաժեշտության դեպքում փոխհատուցում կվճարենք։ Երկու երկրներն էլ ցանկանում են հարաբերությունների նորմալացում։ Կարծում եմ՝ գործերը ճիշտ ուղով են ընթանում»,- հայտարարել է Յըլդըրըմը TRT հեռուստաալիքի եթերում։

Այս նյութը դիտել են - 1396 անգամ