Ժիրայր Սեֆիլյանը պատրաստվում էր դատի տալ «Արմենիա» TV-ին
2016-06-28 12:25:00

Ժիրայր Սեֆիլյանը պատրաստվում էր դատի տալ «Արմենիա» հեռուստաընկերությանը, այդ մասին այսօր մամլո ասուլիսին հայտարարեց «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի քաղաքական խորհրդի ներկայացուցիչ Վարուժան Ավետիսյանը, ում խոսքերով՝ «Սուր անկյան» այդ հաղորդումը կոնկրետ նախատեսված է եղել Ժիրայր Սեֆիլյանի անձը վարկաբեկելու, նրա կենսագրությունը սևացնելու միջոցով ստեղծել հասարակական բացասական տրամադրություններ։

«Երևի բոլորը տեսել են այդ հաղորդումը «Արմենիա» հեռուստատեսությամբ հեռարձակված «Սուր անկյուն» հաղորդաշարի, որտեղ շատ ցցուն կերպով ուղղակի մարդու կենսագրությունն ու անձը հատուկ դիտավորությամբ սևացնելու միտումով, խոսքը Ժիրայր Սեֆիլյանին է վերաբերվում, իրականության հետ առհասարակ առնչություն չունեցող «փաստեր» էին վկայակոչում, իբրև վկաներ էին բերել ստուդիա, ովքեր ինչ-որ կցկտուր արտահայտություններ էին անում, որոնց հիման վրա արդեն հաղորդում վարողը և հաղորդման հեղինակը բացարձակապես զրպարտչական բնույթի տեղեկատվական հեղեղ էին լցում ունկնդրի ականջներին։

Լրացուցիչ տեղեկացնեմ, որ Ժիրայր Սեֆիլյանը դիմել է «Արմենիա» հեռուստաընկերության ղեկավարությանը՝ պահանջելով հերքում և համարժեք ժամանակահատվածում օրենքով սահմնված կարգով իր արժանապատվության և բարի համբավի վերականգման միջոցների կիրառում։ Բայց պատասխան չի ստացվել «Արմենիա» հեռուստաընկերության ղեկավարությունից։ Ժիրայր Սեֆիլյանը պատրաստվում էր դիմել դատարան այդ գործով»․- ասաց Վարուժան Ավետիսյանը։

Նշենք, որ Ժիրայր Սէֆիլյանը ավելի վաղ դիմել էր «Արմենիա Թի-Վի» հեռուստաընկերության գլխավոր տնօրենին՝ հայտնելով, որ Արմենիա հեռուստաընկերության «Սուր անկյուն» հաղորդաշարի 2016 թ. հունիսի 12-ի 197-րդ թողարկման մի մասը («Հաղթանակը շատ հայրեր ունի» խորագրով հետաքննության հատվածը (26:25-37:10), ինչպես նաև դրա վերաբերյալ անոնսները https://www.youtube.com/watch?v=eQJG3eZtBg8) Արցախյան պատերազմի մի դրվագի խեղաթյուրված ներկայացման միջոցով պատրաստվել և հրապարակվել է իր պատիվը, արժանապատվությունը և բարի համբավը արատավորելու ուղղակի դիտավորությամբ ու հստակ նպատակադրմամբ: 

hraparak.am

Այս նյութը դիտել են - 4540 անգամ