Այսօր կքննվի Analitik.am-ի տնօրենի կալանքը երկարացնելու մասին քննիչի միջնորդությունը
2016-06-29 00:03:00
Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ հունիսի 29-ին, կքննվի շորթման կասկածանքով կալանավորված Analitik.am լրատվական կայքը երկու ամսով երկարացնելու հարցը: Այս մասին այսօր՝ հունիսի 29-ին, NEWS.am-ը տեղեկացավ փաստաբան Սուսաննա Սարգսյանից:
Նշենք, որ միջնորդության քննարկումը պետք է հունիսի 28-ին տեղի ունենար, սակայն, հետաձգվել էր, քանի որ դատարան չէին ներկայացել ՀՔԾ քննիչները:
Հիշեցնենք, որ ըստ ոստիկանության տարածած հաղորդագրության՝ «Մայիսի 2-ին ՀՀ ԱԺ պատգամավորներից մեկը ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ-ում հաղորդում է տվել, որ «analitik.am» լրատվական կայքի տնօրենը կայքում պարբերաբար իր անձի, ընտանիքի անդամների, ինչպես նաեւ իր` որպես ԱԺ պատգամավորի գործունեությանը վերաբերող սուտ տեղեկատվություններ, զրպարտություններ եւ վարկաբեկիչ այլ նյութեր հրապարակելու կապակցությամբ հանդիպումներ է ունեցել իր հետ, որոնց ընթացքում, անդրադառնալով կայքի նախկին հրապարակումներին, դրանք չդադարեցնելու եւ հետագայում նմանատիպ հոդվածներ հրապարակելու սպառնալիքով իրենից պահանջել է յուրաքանչյուր ամիս վճարել 300.000 դրամ:
Այնուհետեւ, կայքի տնօրենի ներկայացրած պահանջի կապակցությամբ պատգամավորի անունից բանակցություններ է վարել նրա ներկայացուցիչը: Բանակցությունների ընթացքում նրանց միջեւ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ պահանջվող 300.000-ական դրամը, նախապես պայմանավորված որեւէ վայրում, մինչեւ յուրաքանչյուր ամսվա 5-ը պետք է վճարվի կամ կայքի տնօրենին, կամ նրա օգնականին:

Մայիսի 3-ին ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի եւ տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, ըստ նախնական պայմանավորվածության, ժամը 15-ի սահմանում, Երեւան քաղաքի Նալբանդյան փողոցում գործող սրճարաններից մեկում, շորթման առարկա հանդիսացող 300.000 դրամ գումարը վերցնելուց հետո փաստով կայքի տնօրենի օգնական, ինքը եւ մամուլի ակումբի ղեկավարը բռնվել եւ բերման է ենթարկվել ԿՀԴՊ ԳՎ:
Հայտնաբերվել եւ բերման էր ենթարկվել նաեւ կայքի տնօրեն Անի Հովհաննիսյանը:
news.am
Այս նյութը դիտել են - 1104 անգամ