Կարապետիչը կմտնի՞ «Համախմբում»
2016-06-29 00:10:00

Ժողովրդական կուսակցության նախագահ, «ԱԼՄ» հեռուստաընկերության սեփականատեր ու խաղավար Տիգրան Կարապետյանը հավանաբար արդեն ցանկանում էր մեկընդմիշտ լքել քաղաքական կյանքը, երբ մի օր լսեց Վարդան Օսկանյանի հիմնած «Համախմբում» կուսակցության մասին: Մեր իրականության ամենաանհաջող գործիչ Տիգրան Կարապետիչն անմիջապես աշխուժացավ՝ չնայաց իր պատկառելի տարիքին և հասկացավ, որ եթե կա մի տեղ, որտեղ ինքը դեռ կարող է երևելի դեմք դիտվել, դա հենց Օսկանյանի կողքին է: Ու սկսեց մոտիկ-մոտիկ անել:

Սկզբում նա ասաց. «Հին կուսակցություններին մերժում եմ, բայց նորերով հետաքրքրված եմ։ Կմտածեմ այդ մասին։ Ժողովրդական կուսակցությունը նպատակ ունի որևէ կուսակցության միանալու»։ Սա, իհարկե, ակնարկ էր: Նախ այն մասին, որ նորերի մեջ մեկին նշմարել ու առանձնացնում է, և երկրորդ, որ ինքն էլ է կուսակցության տեր: Ճիշտ է, վաղամեռիկ, բայց հիշատակը հո վա՞ռ է պահում իր սրտում:

 Բայց հետո Տիգրան Կարապետիչը հասկացավ, որ երկար-բարակ մլոլ տալու անհրաժեշտություն չկա ու միանգամից խոստովանեց. « Օրինակ, պարոն Օսկանյանն ինձ դուր է գալիս։ Ինքը ծանր մարդ է, և ինձ թվում է, որ ազնիվ է»։

Հիմա, ինչպես ասում են, գնդակն արդեն «Համախմբում» կուսակցության դաշտում է: Սրանք ինչ-որ կերպ պիտի արձագանքեն՝ թեկուզ մարդու տարիքը հարգելով: Կցանկանա՞ն, որ ԱԼՄ-ի Կարապետիչն իրենցից մեկը լինի: Իսկ ինչու՞ ոչ: Մի՞թե կարծում են, թե իրենք նրանից ավելի լավն են կամ ավելի խելացի են:

shame.am

Այս նյութը դիտել են - 1145 անգամ