ՄԱՆՐԱՊԱՏՈՒՄՆԵՐԻ ՇԱՐՔԻՑ... Լուսե՛ իմ արցունք, իմ հայրենի՛ հող2016-06-29 09:34:00
Անցած օրերի մեջ ալիք առ ալիք հավաքվում են հուշերս մանրիկ, ներկայի մեջ էլ փրփուրից կախված օրերում անգամ լույս եմ փնտրում, լույսի փոքրիկ շող, որ անցնեմ ճամփաս այս նեղ շավիղով: Հույսի մի կտոր իմ կողքին է միշտ, մայրամուտի մեջ փարվում եմ նրան, որ անդառնալի օրերս նույնիսկ չմարեն հանկարծ:
Իմ փոքրիկ հույսը, որ ճառագում է, ոստոստում հանկարծ, երբեմն խամրում, դալկանում նույնիսկ...Իմ անմեղ հույսը..., կամաց գուրգուրում, փայում-փայփայում և սիրում եմ միշտ, միայն չմարի:
Խավար գիշերում անամպ երկնքի աստղերն եմ հաշվում, առավոտվա մանրիկ շաղի մեջ լուսե մի փոքրիկ արցունք եմ փնտրում, որ փայլում է այն կամ աղոտանում, երբեմն դառնում արցունքե հյուլե…Ափերիս մեջ էլ գգվում եմ նրան անափ կարոտով, արցունքից ծնված մի փոքրիկ շաղիկ դողում է հանկարծ, ու շաղիկների մի փունջ եմ գրկում, որ հողին պահ տամ: Իմ ցավոտ հողը…, ճաք տված հողից մի տխուր հառաչ արձագանքում է հոգուս կանչերին:
Շողոտ ու շաղոտ իմ հայրենի՛ հող, սրտիս զարկերը կլսես նորից, արցունքից ծնված մի փոքրիկ հեքիաթ կհյուսեմ կամաց, փոքրիկ իմ հույսը կգրկեմ նորից ու պահ կտամ քեզ, որ աձագանքես հոգուս կանչերի լուսե-լուսավոր գալիք օրերին…
Նատաշա Պողոսյան
Արցախի վաստակավոր մանկավարժ,
Մարտակերտի Վլադիմիր Բալայանի անվան միջնակարգ
դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի
Այս նյութը դիտել են - 1220 անգամ