Միայն Բալասանյանի ճակատի՞ն են նայում
2016-06-29 10:03:00

Թե Գյումրու քաղաքապետի ընտրություններին ով է լինելու ՀՀԿ թեկնածուն՝ սա դեռ շարունակում է մնալ հարցերի հարցը: Հանրապետականները ձգում են ինտրիգը՝ հայտարարելով, թե իբր վերջնական որոշումը չի կայացվել: Իսկ այդ տևական անորոշությունից ամենից շատ սրտնեղում է գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանը, քանի որ տագնապներ ապրելու բազում առիթներ ունի: Եղածը կարծես քիչ էր, հիմա էլ լրագրողներն են կրակին յուղ լցնում՝ ամեն առիթով հիշեցնելով Բալասանյանի ոչ անբասիր անցյալը և նրա փոփոխական կուսակցական կողմնորոշումները: Մատի փաթաթան է դարձել այն միտքը, որ Բալասանյանը մի ժամանակ հայտարարում էր, թե իր ճակատին ՕԵԿ է գրված, հետո ճակատին գրեց ԲՀԿ, ու հիմա նույնիսկ ՀՀԿ-ականներն են սկսել կատակել, թե շուտով նրա ճակատին վազող տողով անցնելու է ՀՀԿ հապավումը:

 Գործընկերների սպանիչ հումորը սաստելու համար այսօր փրկության ձեռք է մեկնել ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ ասելով հետևյալը. «Ես, անկեղծ ասած, ուշադիր նայել եմ Բալասանյանի ճակատին, որևէ բան չեմ ընթերցել: Համենայնդեպս, մենք թեկնածուների հետ կապված այդքան էլ կուսակցական պատկանելության վրա չենք սևեռվում, որովհետև մեր կառավարության անդամների մեջ էլ կան անկուսակցականներ, ֆրակցիայի մեջ էլ կան»:


Բաղդասարյանն իրավացի է, ի՞նչ իմաստ ունի սևեռվել ճակատի վրա, այն էլ Բալասանյանի հարցում: Կան սևեռվելու շատ ավելի շահավետ կետեր, որոնք կարող են օգտակար ինֆորմացիա հաղորդել այս կամ այն թեկնածուի պիտանելիության մասին: Իսկ կուսակցական լինելը ՀՀԿ-ում արդեն շատ վաղուց գլխավոր նախապայման չէ, քանի որ բազում հանրապետականներ իրենք էլ դեռ չգիտեն, թե ինչու են հանրապետական, կամ էլ գիտեն, բայց ոչ գաղափարական իմաստով: Այնպես որ, Սամվել Բալասանյանը նույնպես ճիշտ կանի, եթե շատ չմտահոգվի իր ճակատի գրով: Նրա ընտրել-չընտրելը մարմնի այդ հատվածից կախված չի լինելու:

 shame.am

Այս նյութը դիտել են - 1204 անգամ