Խնայողության անխնա ռեժիմը...
2016-06-30 10:09:00

Ծախսերի առումով խստագույն խնայողության ռեժիմի անցնելու մասին կառավարությունը ստիպված է հիշեցնել գրեթե ամեն օր: Բայց որքան հիշեցումները շատ են, այնքան բազմաթիվ են անհարկի շռայլումների դեպքերը: Օրինակ, հունիսի 2-ի ՀՀ կառավարության նիստում վարչապետը հատուկ հայտարարեց, որ գործադիր մարմինն այսուհետ կամրագրի նվազագույն արժեք ունեցող ավիատոմս, այսինքն` բոլոր պաշտոնյաներն այսուհետ գործուղումների պիտի մեկնեն բացառապես «էկոնոմ» կարգով:

Վարչապետի կարգադրությունից ճիշտ 2 շաբաթ անց՝ հունիսի 14-ին, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի համար պաշտպանության նախարարությունը 965 հազար դրամով բիզնես կլասի 1 տոմս է գնել՝ Մոսկվա երկօրյա այցի համար: Հիմա ՊՆ համապատասխան օղակներն ինչպիսի հիմնավորումներ ու բացատրություններ էլ բերեն, արդյունքը նույնն է. Սեյրան Օհանյանն իրեն վեր է դասում ընդունված կարգից և չի պատրաստվում ենթարկվել դրան, քանի որ սովորել է կոնֆորտային վիճակներին:

Գրեթե նույն պատկեր է պահպանվում ծառայողական մեքենաների խնդրում: 800 մեքենա կրճատելը կարծես թե պիտի լուրջ ահազանգ լիներ մարդկանց համար: Բայց այստեղ էլ պարզվեց, որ դաշնակցական նախարար Դավիթ Լոքյանը չի կարող երթևեկել սովորական փոխադրամիջոցով, նրան շտապ պետք է բարձրակարգ ու թանկարժեք որևէ բան: Եվ ահա խնայող երկիրը Լոքյանին է տրամադրել 16 միլիոն դրամ արժողությամբ LEXUS GX 4.6 GAS ավտոմեքենա: Իսկ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանն էլ իր հերթին հրաշալի բացատրություն գտավ՝ ասելով, թե նախարար Լոքյանին մարզեր այցելության համար անհրաժեշտ է բարձր անցողունակության ավտոմեքենա, ինչով էլ պայմանավորված է տվյալ մեքենայի տրամադրումը: Շնորհակալ լինենք Դավիթ Հարությունյանից, որ ուղղաթիռ չի առաջարկել, դա պիտի որ ավելի անցողունակ լիներ:

Ինչ վերաբերում է խնայողության ռեժիմին, ապա դրա անունը պետք է արագ փոխել ու դնել նպատակահարմարության ռեժիմ: Իսկ հետո կարելի է ռեժիմը երկու կես անել՝ արտոնյալների ու շարքային մահկանացուների համար: Մեկից կվերցնեն ու կտան մյուսներին:

shame.am

Այս նյութը դիտել են - 1309 անգամ