Հետաքննության մեխանիզմի վերաբերյալ առաջարկ կա. Ռիչարդ Միլս
2016-06-30 22:09:00

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է՝ ԼՂՀ խնդրի շուրջ բովանդակային բանակցությունները վերսկսելու համար Հայաստանը որպես նախապայման առաջ է քաշել հրադադարի խախտման դեպքերը հետքննող համակարգի ստեղծումը: Այս մասին Սերժ Սարգսյանը հայտարարեց Վիեննայից վերադառնալուց հետո` ինքնաթիռում, սակայն Իլհամ Ալիեւը չի համաձայնում:

Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսից «Ժողովուրդ»-ը հետաքրքրվեց` ըստ իրեն՝ Ռուսաստանը կհամաձայնի՞ նման հետաքննող համակարգ ստեղծելուն, եւ ե՞րբ է հնարավոր որ այն, ի վերջո, սկսի գործել: Ի պատասխան՝ դեսպանն ասաց. «Տարիներ շարունակ եռանախագահները պաշտպանել են հետաքննող մեխանիզմի ձեւավորումը:

Մեր դիրքորոշումը չի փոխվել: Հետաքննության մեխանիզմի վերաբերյալ այս պահին կա առաջարկ, որը ներկայացված է կողմերի քննությանը: Քանի դեռ առաջարկը չի ընդունվել, մենք դրա հետ կապված մանրամասներ չենք կարող ներկայացնել: Այնուհանդերձ, մենք շարունակում ենք հուսալ, որ հնարավոր կլինի շուտափույթ համաձայնության գալ այս հարցի շուրջ»: Այսինքն՝ այս պահին կողմերին կոնկրետ համակարգի տարբերակ է առաջարկվել»:

Այս նյութը դիտել են - 1488 անգամ