Միլիոնավոր մարդիկ են ամեն տարի ենթարկվում թրաֆիքինգի, ինչը կարելի է վերացնել միայն միջազգային համատեղ ջանքերով։ Այս մասին է ասված ԱՄՆ-ի Պետքարտուղարության ամենամյա զեկույցում։
Ամբողջ աշխարհում այսօր դեռեւս 20 միլիոն մարդ է գտնվում ստրկության մեջ։ Միլիոնավոր մարդիկ են ամեն տարի տարբեր նպատակներով ենթարկվում թրաֆիքինգի՝ առ ու վաճառքի, ինչը կարելի է վերացնել միայն միջազգային համատեղ ջանքերով։ Այս մասին է ասված ԱՄՆ-ի Պետքարտուղարության ամենամյա զեկույցում։
՝՝ Պայքար ընդդեմ մարդկային թրաֆիքինգի՛՛ զեկույցը միայն փաստեր չեն, այն փաստաթուղթ է՝ համապատասխանաբար աշխատանքներ ծավալելու համար՛՛, թվով 16-րդ զեկույցը ներկայացնելուց առաջ իր ելույթում ասաց ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին։
՝՝Երբ խոսում ենք մարդկանց թրաֆիքինգի մասին, խոսում ենք ստրկության վերաբերյալ, մեր ժամանակների ստրկության։ Խոսքը մարդկանց ու մարդկանց ճակատագրերի մասին է, մարդիկ, ովքեր ունեն ընտանիք ու երազանք, մարդիկ, որոնց մի մասը հավետ կորցնում է այդ ամենը՛՛։
Ջոն Քերրին իր ելույթում նաեւ ընդգծեց աշխարհում մարդկային թրաֆիքինգի ծավալները, առեւտուր, որը տարեկան կազմում է 159 միլիարդ դոլար։
Քերրիի խոսքերով, այս փաստաթուղթը նաեւ մի վերլուծություն է, որի հիման վրա են կազմվում հետագա անելիքների ծրագրերը։ Այս զեկույցների հիման վրա է ԱՄՆ-ը 2ՕՕ2 թվականից ի վեր 25Օ միլիոն դոլար հատկացրել աշխարհի տարբեր երկրների՝ աջակցելու թրաֆիքինգի դեմ գործող 8ՕՕ ծրագրեր։ Այս զեկույցի հիման վրա է ԱՄՆ-ը հաստատում թրաֆիքինգի դեմ պայքարելու հարցում այլ կառավարությունների հետ դիվանագիտական կապեր։
Այս տարվա զեկույցը ութ երկրներ է ավելացնում իր այսպես կոչված ՝՝սեւ ցուցակում՛՛, երկրներ, որոնք ամենաքիչ ջանքն են ներդրել մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարում։ Ամենացածր ցուցանիշ ունեցող 27 երկրների շարքին այս տարի ավելացել են Ուզբեկստանը, Թուրքմենստանը, Միանմարը, Հաիթին, Ջիբութին, Պապուա Նոր Գվինեան, Սուդանն ու Սուրինամը։
՝՝Սակայն գովելի է, որ մի շարք երկրներ տարիների ընթացքում ստորին սանդղակից բարձրանում են վեր, որոնց թվում են Քուվեյթն ու Թաիլիանդը, երրորդ՝ ամենացածր խմբից հասնելով երկրորդին՛, հայտարարեց Ջոն Քերրին՛։
Որոշ երկրներում, ինչպես օրինակ Լիբիայում, Սոմալիում եւ Եմենում իրավիճակն այնքան քաոսային է, որ ուսումնասիրություն կատարելն անգամ անհնար է այնտեղ։
Մարդկանց թրաֆիքինգի մասին ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի 2Օ16 թվականի զեկույցում Հայաստանն այս տարի 2Օ13 թվականից ի վեր դասվում է ամենաբարձր՝ առաջին խմբում։ Ըստ զեկույցի, սեռական ու աշխատանքային թրաֆիքինգի են հայ կանայք ու երեխաները ենթարկվում Հայաստանում, Արաբական Միացյալ Էմիրություններում ու Թուրքիայում։ Չինացի կանայք սեռական թրաֆիքինգի են ենթարվկում Հայաստանում։ Հայ տղամարդիկ բռնի աշխատանքի են լծվում Ռուսաստանում ու որոշ դեպքերում՝ Թուրքիայում։ Կանայք ու երեխաները ստիպողաբար դիմում են մուրացկանության։
Սակայն Հայաստանի կառավարությունը լիովին համապատասխանում է թրաֆիքինգը վերացնելու համար անհրաժեշտ նվազագույն չափանիշներին։ Այստեղ թրաֆիքինգի ենթարկված օտար քաղաքացիները պետությունից ստանում են այն աջակցությունը, որը ստանում են այդ երկրի քաղաքացիները։ Զեկույցում ասված է, որ Հայաստանի կառավարությունը սերտորեն համագործակցում է թրաֆիքինգի դեմ պայքարող ոչ կառավարական կազմակերպությունների, տեղական մամուլի, դոնոր կազմակերպությունների ու տարածաշրջանային գործընկերների հետ։ Միայն անցյալ տարի կառավարությունը 95 հազար դոլար է հատկացրել թրաֆիքինգի ենթարկված անձանց օգնություն ցուցաբերելու համար։
՝՝Ամերիկայի Ձայն՛՛-ի հայկական ծառայության հարցին, թե արդյոք ո՞րն է 2ՕՕ2 թվականից երրորդ, մինչեւ 2ՕՕ8 թվականը երկրորդ եւ 2ՕՕ9 թվականից առաջին խումբ անցնելու Հայաստանի ցույց տված առաջընթացի գլխավոր մղիչ ուժը, Պայքար ընդդեմ մարդկային թրաֆիքինգի զեկույցի պատասխանատուներից դեսպան Սյուզըն Քոփեջը պատասխանում է.
՝՝ Պայքար ընդդեմ մարդկային թրաֆիքինգի՛՛ զեկույցի կարեւորությունն այն է նաեւ, որ այն հնարավոր է դարձնում առաջընթացը։ Հայաստանի դեպքում գրանցվել է առաջընթաց։ Իսկ առաջընթաց գրանցվում է, երբ կառավարությունները գնահատում են զեկույցում տեղ գտած առաջարկները, օգնում պայքարել ընդդեմ մարդկանց թրաֆիքինգի, կանխում հանցագործությունը, պատժում մեղավորներին եւ օգնում թրաֆիքինգից տուժած անձանց։ Այդ դեպքում է, որ Հայաստանի օրինակովայդ երկրները հայտնվում են ավելի բարձր խմբի մեջ՛՛։
Հայաստանի հարեւաններից Վրաստանում եւս ցածր ցուցանիշ չի կազմում մարդկային թրաֆիքինգը։ Կանայք ու աղջիկները թրաֆիքինգի են ենթարկվում երկրի ներսում, Թուրքիայում, Չինաստանում ու Արաբական Միացյալ Էմիրություններում։
Սակայն այստեղ եւս կառավարությունն անում է անհրաժեշտը՝ թրաֆիքինգը վերացնելու ուղղությամբ, ու դասվում առաջին խմբում։
Ադրբեջանն ու Թուրքիան դասվում են երկրորդ խմբին, որտեղ ըստ Պետդեպարտամենտի զեկույցի, կառավարությունները չեն ապահովում թրաֆիքինգի դեմ պայքարում նվազագույն չափանիշները։
Մյուս հարեւանը՝ Իրանը երրորդ խմբում է։ Երրորդ խմբին է դասվում նաեւ Ռուսաստանը։