Մարդիկ, ովքեր չեն վախենում ապրել մեր օրերում, այնքան ավելի հեշտ է դառնում նրանց խաչին գամելը...2016-07-01 00:31:00
Թվում է, թե հասել ես սահմանին, կարծում ես, թե հորիզոնն այլևս փակ է, սկսում ես ողբալ, հուսահատվել: Մեկ էլ նկատում ես, որ կարելի է ավելի ցած ընկնել, որ նորություն կա, որ վերջին հույսը դեռ կորած չէ, որ դեռ հնարավոր է ավելի խորը խրվել՝ դրանով բացառելով նույն տեղում մնալու, անշարժանալու վտանգը:Առյուծի ճաշի մնացորդները բորենուն կհասնի...Մարդիկ, ովքեր չեն վախենում ապրել մեր օրերում, այնքան ավելի հեշտ է դառնում նրանց խաչին գամելը:
Մարդուն չի կարելի չափել արշինով:
Հաճախ մեծ խելքը տեղավորվում է փոքր գլխում: Ու այդպես էլ մարդիկ բարոյական հաղթանակներ տանելու սովորություն չունեցան... Հիմա սուրբ խաղացողները մարմին են հագել, որ չերևա ներսի սատանան: Աստված, թո՛ղ պահապան լինի Հային, թո՛ղ երևույթ, աներևույթ թշնամիներից հեռու պահի մեզ, թո՛ղ խելք ու հնարավորություն տա, որ մարդը գետնախորշից դուրս գա... Թե չէ, ով գիտի, վաղը, կամ մի ժամ հետո ով, որտեղ կհայտնվի, մեղադրողի, թե մեղայականի, դատավորի, թե դատապարտյալի աթոռին...
Ախ, եթե վերլուծություններ անելուց գոնե մի քիչ հասկանայիք մարդուն, մի պահ դատապարտելուց առաջ, դատապարտյալի աթոռին ձեզ տեսնեիք, միգուցե այդ ժամանակ, որևէ վիրավորանք, մեղադրանք հասցնելուց առաջ զգույշ կլինեիք ու ձեր խիստ վերլուծական բառերը, որ արհեստականորեն դարձնում եք նախադասություն, միտք չէր դառնա ու չէր փաթաթվի մարդու վզին...
Չէ որ մեղադրելը դժվար գործ չէ, իսկ հասկանալ, գնահատելը, ըստ էության ամեն մարդու ուղեղի ու ողնաշարի բանը չէ, ուստի մի քիչ ինքնամաքրվելն ու ողնաշարը կորությունից փրկելու գործընթացը մարդուն չէր խանգարի:
Արթուր Հայրապետյան
Այս նյութը դիտել են - 1266 անգամ