ԵՐԿՈՒ ԼՈՒՐ, ԵՐԿՈՒՍՆ ԷԼ՝ ՄԻ ԲՈՅԻ...
2016-07-01 14:42:00
Ես չգիտեմ՝ ոնց է հաջողացրել Արգամ Մուկիչը, բայց նա կարողացել է իր հայրենի Արտաշատում գտնել ու վարձել մի իսկական Սերգեյ Դովլաթովի: Խնդրեմ, ես շնորհավորանքի տեքստը անփոփոխ դնում եմ, դուք էլ փորձեք գնահատել արտաշատցի «Դովլաթովի» տաղանդը: 
Լրանում է Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանի պաշտոնավարման մեկ տարին: Այս մեկ տարվա ընթացքում երիտասարդ քաղաքապետը իր ամենօրյա քրտնաջան աշխատանքի, իրականացրած ու դեռ իրականացման փուլում գտնվող վիթխարի ծրագրերի, իր նախընտրական բոլոր խոստումներին տեր կանգնելու շնորհիվ` հաջողվել է արդարացիորեն արժանանալ իր համաքաղաքացիների անմնացորդ սիրուն, հարգանքին և վստահությանը: (Երևի, ուզում է ասել ՝ հաջողել է: Վիթխարին հուշում է, որ ԽՄՄԿ ոգին անմեռ է ):
Խոսելով Արգամ Աբրահամյանի մասին, Արտաշատցիները առաջին հերթին մատնաշում են նրա մարդկային որակները, իր քաղաքի և նրա բնակիչների ամենօրյա հոգսով և ցավով ապրելու ու այդ հոգսերն ու կարիքները հոգալու համար` իր գիտելիքներն ու ռեսուրսները ներդնելու պատրաստակամությունը: ( Արտաշատցիներ բառը այսուհետ միշտ պետք է մեծատառով գրել, երևի: Ռեսուրսները մի կերպ հասկացանք, չնակած ինչքան ներդնում՝ հազարապատիկն էլ կլպում, տանում է իրենց տոհմական բունը, լավ, բա գիտելիքները որտեղից ներդնի Մուկիչը, չի կարելի չէ՞, էդքան դաժան լինել ):
Արգամ Աբրահամյանի քաղաքապետ դառնալու գերնպատակը եղել և մնում է` Արտաշատը ավելի բարեկարգ, ավելի գեղեցիկ, իսկ Արտաշատցու կյանքը ավելի բարեկեցիկ, իր քաղաքի փոքրիկների համար լուսավոր ապագա կերտելը: ( Այ քեզ բան, բայց ինչի պիտի Մուկիչի գերնպատակը Երևանի քաղաքապետ դառնալը չլինի, մարդ ես՝ ՀՀ վարչապետ դառնալը չլինի, այլ մի գյուղաքաղաք ղեկավարելը, էս ինչ անարդար վերագրում էր):
Ահա սրանք են այն կարևոր առաջնահերթությունները, որոնք երկար մտորումներից և քննարկումներից հետո ստիպեցին Արգամ Աբրահամյանին` առաջադրվելու այդ կարևոր ու պատասխանատու պաշտոնում: (Սա որ լրիվ թշնամու գրած է՝ ի՞նչ մտորումներ ու քննարկումներ, մի՞թե Արտաշատցիները (նոր ուղղագրությամբ եմ գրում) դեռ ծննդատնից դուրս չեկած՝ չեն երազել ու խնդրել, որ Մուկը լինի էս երկրի թագավորը, Մուկիչն էլ՝ Արտաշատցիների հույսն ու հավատը ):
Լինելով ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին, Արգամը կարողանում է հմտորեն օգտագործել իր հոր պետական տարբեր պաշտոններ զբաղեցնելու տարիների ընթացքում կուտակած` ղեկավարման վիթխարի փորձը ու հայրենիքը անմնացորդ սիրելու ու սեփական ժողովրդին անձնվիրաբար ծառայելու հայրական պատգամները: (Հմտորե՞ն: Նա Մկից Մուկ է, և Արտաշատցիները դեռ պիտի հասկանան ու խոստովանեն, թե էդ ինչքան մեղքեր են գործել, որ Մկան դինաստիան հենց իրենց հողում ծնվեց):
Հա, ասենք շնորհավոր:
«Դովլաթովը» «ղալաթ» է արել կոմունիստական լրագրային ոճը ծաղրելիս. նա այս տեքստը չի տեսել:
Երեկ տոնական օր էր նաև ՙդոկտորՙ Ռուզիկի համար: Քանի որ տուն ու տեղ չունի և ֆեյսբուքներում է բնակվում, հենց ֆեյսբուքում էլ շնորհավորել էր իր ամուսնուն, համատեղության կարգով Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին:
Աննկուն «ֆրանկոֆոն» Ռուզիկը շնորհավորել էր դը Գոլի խոսքերով՝ «Հաղթե՛լ. այլ ճանապարհ չկա ու չի եղել երբե՛ք: Եվ ավելադրել՝ Ծնունդդ շնորհավո՛ր, ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆ:
Տեսնես՝ ում հետ է պատերազմում «դոկտոր» Ռուզիկը, ում է պատրաստվում հաղթել: Հաստատ ոչ՝ արտաքին թշնամուն, ում դեմ մեր շարքային, ջահել զինվորները անպաշտպան կանգնած մնացին նաև ՙդոկտորի՚ օրավուր աճող պահանջմունքները բանակի հաշվին բավարարելու պատճառով: Եվ եթե սպառնում է, որ դեռ հաղթելու է, վախենամ՝ զինվորների վերջին կտոր հացն էլ սա կտրի:
Երևի, սպառնում է նրանց, ովքեր ուզում են իր ամուսնուց և հատկապես իրենից ազատագրել Պաշտպանության նախարարությունը՝ արդեն ելներով ազգային անվտանգության խնդիրներից:

Մարգարիտ Սարգսյան
Այս նյութը դիտել են - 4284 անգամ