Հայկական շոու բիզնեսի եթերային, «պստիկ-մստիկ», ամենաքնքուշ երգչուհիներից մեկի՝ Սիլվա Հակոբյանի մասին է մեր շարքի այսօրվա անդրադարձը: Վայոց Ձորի Վայք քաղաքում ծնված Սիլվան երգել սկսել է դեռ 4 տարեկանից: Սովորել է Վայքի միջնակարգ դպրոցում, սակայն 2 տարի հետո տեղափոխվել են Երևան, ուր և ավարտել է Երևանի համար 106 միջնակարգ դպրոցը։
Սիլվան մուտք գործեց հայկական շոու բիզնես 2006 թվականին իր «Գիշեր է» երգով, որը արժանացավ մի շարք մրցանակների և գրանցվեց որպես տարվա լավագույն հիթերից մեկը։ Նույն տարի իր «I like» երգով նա մասնակցեց Լոնդոնում BBC-ի «The Next Big Thing» միջազգային մրցույթին, որի 2000 մասնակիցների միջին Սիլվան շահեց Գրան պրի։ Ըստ BBC-ի վարկանիշի` Սիլվան ճանաչվեց լավագույն 6 երիտասարդ երգչուհիներից մեկը աշխարհում։ Նույն թվականին հայտարարվեց նաև «Լավագույն երաժշտական հայտնություն» և ստացավ Վարդուհի Վարդանյանի անվան մրցանակը։ 2007-ից Սիլվան սկսում է իր կարիերան՝ թողարկելով երգեր և համերգներ տալով ամբողջ Հայաստանում։ Երգչուհու պրոդյուսերը հայրն է՝ Հակոբ Հակոբյանը, երգերը հիմնականում գործիքավորում է եղբայրը՝ Էդգար Հակոբյանը, իսկ երգահանը քույրն է՝ Մանե Հակոբյանը, երգերը հիմնականում ձայնագրվում են ընտանիքի ստուդիայում։
Չնայած տարիների «հարվածներին»՝ Սիլվա Հակոբյանը օր օրի ավելի է կերպարանափոխվում: Այժմ նրան կարելի է տեսնել ավելի գունեղ, վառ գուներով, խենթ հագուստներով և մազերի օրիգինալ սանրվածքով: Երկրապագուների մեծ թիվ ունեցող այս երգչուհին չի դադարում մարդկանց զարմացնել իր աշխատասիրությամբ: Ամեն տարի իր հանդիսատեսին ներկայացնում է մի քանի տեսահոլովակներ կամ էլ համերգային շրջագայությամբ է հանդես գալիս: Սիլվա Հակոբյանի երգերից առավել հայտնի են «Գիշեր է», «Ուշացել եմ», «Նորահարսիկ», «Դե գնա», «Տնից փախել եմ» երգերը: 2010 թ հոկտեմբերի 16-ն Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացավ Սիլվա Հակոբյանի առաջին մենահամերգը:
Սեպտեմբերին Սիլվա Հակոբյանը նշանադրվել էր, սակայն մի քանի ամիս անց բոլոր բուռն կերպով քննարկում էին երգչուհու` նշանը ետ վերադարձնելու մասին լուրը: Տարածված լուրի պատճառն այն էր, որ երգչուհուն տեսել էին առանց նշանի մատանու: Այս լուրերը երկար ժամանակ կողմերից և ոչ մեկը ոչ հերքում էր, ոչ հաստատում, իսկ Սիլվայի ընտրյալը՝ Դավիթը, կայքերից մեկին տված հարցազրույցի ժամանակ հերքել էր այդ լուրը՝ ասելով, որ այն չի համապատասխանում իրականությանը:
Նկատելի է, որ վերջին տարիներին երգչուհին սկսել է ավելի շատ երգել այն, ինչ գումար է «բերում»: «Տաշի-տուշի» մակարդակի երգերը վերջին տարիներին Սիլվայի երգացանկում գերակշռում են: Սիլվայից էլ շատ՝ մարդիկ ճանաչում են նրա հայրիկին՝ Հակոբ Հակոբյանին, խոսակցությունները այս թեմայով չեն դադարում, թերևս բոլորն են տեղյակ Հակոբյանների այն սկզբունքին՝ որտեղ պապան, այնտեղ ես: «Երբ բոլոր հարցերին ու հրավերներին հայրդ է պատասխանում ու ներկայանում, մի օր բոլորը քեզ որպես շոուբիզնեսյան դեմք մոռանում են, որովհետև այստեղ հաղթում են միայն ուժեղ ու միայնակ բորենիները»:
Կատակներն էլ այս թեմայով անվերջ են, հումորային հաղորդումներից մեկի ժամանակ ասել էին՝ Սիլվա Հակոբյանի անձնագրի նկարն անգամ հայրիկի հետ է: Ի դեպ, այս տարվա ապրիլյան պատերազմի օրերին տրամադրություն ապահովող միջոցառումները միանգամից մղվեցին երկրորդ պլան:
Մարդիկ հետաձգում են հարսանյաց արարողությունները, չեղարկում ծննդյան հանդիսություններ։ Ահա այս ֆոնին համացանցում ակտիվորեն քննարկվում էր այն փաստը, որ համերգային շրջագայությամբ Ռուսաստանում գտնվող Արամեի և Սիլվա Հակոբյանի համերգներն անցնում են ըստ ծրագրի: Օգտատերերը քննարկում էին, քննադատում, զայրանում:
Այս նյութը դիտել են - 4210 անգամ