Այսօր նշվում է Քրիստոսի պայծառակերպության տոնը (Վարդավառ), այն Հայ առաքելական եկեղեցու 5 տաղավար տոներից մեկն է, որին հաջորդող մեռելոցի երկուշաբթին այս տարի աշխատանքային է: Տոնը նշվում է Սուրբ Զատիկից 98 օր հետո՝ հունիսի 28-ից օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում: Տոնի պատմությունը գալիս է դեռևս հեթանոսական ժամանակաշրջանից, հնում վարդավառի տոնը կապում էին հայկական դիցարանի ջրի, սիրո, պտղաբերության և գեղեցկության աստվածուհի Աստղիկի հետ: Վարդավառի տոնը նշվում էր ժողովրդական մեծ հանդիսություններով: Աստղիկին վարդեր էին նվիրում, աղավնիներ բաց թողնում ու միմյանց վրա ջուր ցողում: Ջուր ցողելու սովորույթը պահպանվել է նաև մեր օրերում: Վարդավառի խորհուրդը նաև եղել է ջրի պաշտամունքը, երբ աղերսել են արգասավորությունն ու պտղաբերությունը հովանավորող ուժերին: Ավելի վաղ ժամանակներում տոնակատարությունը հիմնականում տեղի է ունեցել սարերում, ջրերի ակունքների մոտ, որոնք համարվել են յուրօրինակ սրբատեղիներ, ի պատիվ ջրի հովանավորող ոգիների այդտեղ կատարվել են նաև զոհաբերություններ: Ջրին աղերսվող ծեսերն ունեցել են անձրև խնդրելու և հնարավոր երաշտը կանխելու նշանակություն:
Նշենք նաև, որ տոնը հիմնականում սիրված է երեխաների կողմից: Վարդավառը նաև բերքահավաքի հետ կապվող առաջին տոներից էր, որի ծեսերը մասամբ նվիրված էին բերք ու բարին ապահովող աստվածություններին: Վարդավառին սովորաբար եկեղեցուն նվիրաբերել են հասկեր, աղերսել որ արտերն ու այգիները զերծ մնան աղետներից (կարկուտից, մորեխից), ծառերի դալար ոստերով զարդարել են տները, ծաղկեփնջեր նվիրել միմյանց, աղավնիներ թռցրել, կազմակերպել են ջրախաղեր, զվարթություններ, խնջույքներ: Անասնապահները ծաղիկներով զարդարել են անասունների ճակատները և այլն:
Շատ գավառներում վարդավառին կրկնվել են Տյառնընդառաջի ալյուր՝ Համբարձման մի շարք արարողություններ, օրինակ՝ վիճակ հանելու սովորությունը: Որոշ տեղերում վարդավառը տոնել հաստատուն օր (Հուլիսի 22-ից հետո առաջին կիրակի օրը), այլուր՝ զատկից 98 օր հետո: Ներկայումս վարդավառը կորցրել է երբեմնի նշանակությունը, գյուղերում կազմակերպում են խնջույքներ, զբոսանքներ:
ՀԳ. Մեր ընթերցողներին մաղթում ենք ուրախ եւ անփորձանք վարդավառ:
Այս նյութը դիտել են - 1932 անգամ