ԵՏՄ անդամ երկրների միջև առևտուրը մոտ 25 տոկոսով նվազել է: Սա այն դեպքում, երբ անդամ երկրների միջև ներկրվող ապրանքների համար մաքսատուրք չի գանձվում, և այս հսկայական շուկան տարբեր ոլորտներում ունի բավական մեծ պահանջարկ:
ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, որ եթե Հայաստանը չանդամակցեր Եվրասիական տնտեսական միությանը, ապա մեր տնտեսության վիճակն ավելի վատ կլիներ: Ըստ Վաչե Գաբրիելյանի՝ վերջին երկու տարիներին հաստատված աշխարհաքաղաքական զարգացումների պայմաններում, միևնույն է, Հայաստանի տնտեսության վիճակը վատ էր լինելու.
«Որովհետև այն ազդեցությունը, որն ունի տնտեսական գործոնը, մասնավորապես էներգակրի գների նվազումը, դրա հետ կապված ԵՏՄ-ում բնակչության եկամուտների նվազումը և մնացած գործոնները՝ տրանսֆերտների նվազումները, անկախ նրանից՝ լինեինք ԵՏՄ-ում, թե ոչ, ազդելու էր Հայաստանի տնտեսության վրա: Այն փաստի շնորհիվ, որ մենք մտել ենք Եվրասիական տնտեսական միություն, այդ ազդեցությունը թուլացել է»,- հայտարարել է Վաչե Գաբրիելյանը:
Իշխանությունը սկսել է կախվել փրփուրներից. այլևս ակնհայտ է, որ ԵԱՏՄ մտնելու հետևանքով մենք հայտնվել ենք այնպիսի խայտառակ վիճակում, որ միակ արդարացումը մնացել է <<կարող էր ավելի վատ լինել>> սպառնալիք հիշեցնող հիմնավորումը:
Երբ ԵԱՏՄ-ի անդամակցությունը դեռ քննարկվում էր, էներգակիրների գների նվազման համաշխարհային տենդենցն արդեն սկսված էր, Ռուսաստանի տնտեսությունն էլ սկսել էր շատ լուրջ վնասներ կրել: Այսինքն՝ ակնհայտ էր, որ Ռուսաստանի տնտեսությունը ունենալու է շարունակական անկում, և նրա հետ տնտեսական դաշինքը գոնե մոտ ապագայում շոշափելի արդյունքներ չի ապահովելու: Որտե՞ղ էին Հայաստանի իշխանությունների, այդ նույն Վաչե Գաբրիելյանի, նրա այն ժամանակվա շեֆ, վարչապետ Տիգրան Սարգսյանի ու նախագահ Սերժ Սարգսյանի՝ կանխատեսելու և ռիսկերը հաշվարկելու ունակությունները:
Հանուն արդարության իհարկե պետք է նկատել, որ Տիգրան Սարգսյանը ի սկզբանե դեմ էր ԵԱՏՄ անդամակցությանը, նույնիսկ ներկայացրել էր համապատասխան հիմնավորում, այն է՝ Հայաստանը չունի անմիջական սահման ԵԱՏՄ անդամ որևէ երկրի հետ, հետևաբար անդամակցությունը անիմաստ է: Հայաստանին ԵԱՏՄ անդամակցությունը փաստացի պարտադրվեց, ուղղակի ո՛չ Սերժ Սարգսյանը, ո՛չ էլ նրա թիմակիցները այդ մասին հրապարակավ խոստովանելու համարձակություն այդպես էլ չունեցան: Այդ պարտադրանքի հետևանքով Սերժ Սարգսյանն ու նրա թիմը հայտնվեցին խայտառակ իրավիճակում. նրանք ինչպես այն ժամանակ, այնպես էլ այսօր էլ ստիպված են գտնել մի շարք հիմար, անհեթեթ հիմնավորումներ, թե ինչու էր պետք մտնել ԵԱՏՄ: Այն ժամանակ ՀՀ իշխանությունները պնդում էին, որ ԵԱՏՄ-ն մեր տնտեսությանը զարգացման մեծ խթան է տալու, որովհետև Հայաստանի առջև բացվում է հսկայական սպառման շուկա, և հայկական ապրանքը կարող է հանգիստ, առանց մաքսավճարի ու այլևայլ խոչընդոտների իրացնել ու եկամուտներ բերել մեր տնտեսվարողներին: Կյանքը, սակայն, ցույց տվեց, որ հայկական ապրանքները այդպես էլ չկարողացան գրավել ԵԱՏՄ շուկան: Միակ նախադեպը եղավ գյուղմթերքի, մասնավորապես լոլիկի դեպքում, այն էլ այն բանից հետո, երբ քաղաքական գործընթացներով պայմանավորված՝ Ռուսաստանը արգելանք դրեց թուրքական մթերքների վրա:
Հայ արտահանողները ընդամենը այդ կարճ ընթացքում մի քիչ հասցրին ուրախանալ, իսկ այժմ, երբ արգելանքը որոշվել է վերացնել, մեր լոլիկը կարող է դուրս մղվել ռուսական շուկայից: Եվ ընդհանրապես մենք պարզապես պատրաստ չէին մտնել այդ կարգի մեծ շուկա, որովհետև մենք չունենք համպատասխան ծավալներ: Ռուսական շուկայի պահանջարկը չափազանաց մեծ է, Հայաստանը միայնակ չի կարող որևէ ապրանքային շուկայում քիչ թե շատ նշանակալի տեղ գրավել: Իսկ շուկայում տեղ ունենալու համար կարևոր է գինը, որն ուղղակիորեն կախված է նաև ծավալի մեծաքանակ լինելուց: Այս իմաստով Հայաստանի տնտեսվարողները առայժմ որևէ բան չեն շահել: Փոխարենը, ԵԱՏՄ մուտքով պայմանավրված, անդամ երկրներից ներմուծվող ապրանքներից մաքսատուրք չի գանձվում, ավելին՝ մեր երկրում գանձված մաքսային վճարներից մասնահանում է կատարվում ընդհանուր մաքսային տարածքի գանձարանին: Ակնկալվում էր, որ Հայաստանը ընդհանուր մաքսային միության վճարներից կստանա որոշակի հասույթ, սակայն պարզվեց, որ Հայաստանն ավելի շատ կորցրել է, քան ստացել:
Հիմա Հայաստանի իշխանություններին այլ բան չի մնացել, քան հայտարարել, թե ամեն ինչ կարող էր շատ ավելի վատ լինել: Իհարկե, կարող էր նաև շատ ավելի վատ լինել, եթե, օրինակ, Աստված մի արասցե, ջրհեղեղ, ցունամի կամ երկրաշարժ լիներ: Բայց չէ՞ որ ամեն ինչ կարող էր նաև ավելի լավ լինել:
Դավիթ Մանուկյան
Այս նյութը դիտել են - 1327 անգամ