Հոկտեմբերին կայանալիք ՏԻՄ ընտրություններին ընդառաջ Գյումրիում կարծես աստիճանաբար օր օրի ուրվագծվում են քաղաքական ուժերի դիրքորոշումները: ՀՅԴ-ն այս հարցում վաղուց էր կողմնորոշված, ընտրութանը ներկայանալու է սեփական ցուցակով եւ քաղաքապետի իր թեկնածուով: Երեկ ընդդիմադիր նորաստեղծ ԳԱԼԼԱ-ն իր առաջին համագումարը հրավիրեց եւ ընտրեց վարչության նախագահ: ԲՀԿ-ն ցայտնոտի մեջ է, ՔՊ-ն՝ բանակցությունների, իշխանական ՀՀԿ-ն սպասման մեջ է պահել բոլորին, իսկ մյուսները՝ կարծես ձայն բարբառո անապատի: Ուշագրավ է, սակայն, շրջանառվող խոսակցություններից մեկը, ըստ որի՝ ընդդիմության մեկ միասնական հավանական թեկնածու կարող է լինել գյումրեցիներին հայտնի «Լենտեքս» ընկերության սեփականատեր Կարեն Գոմցյանը (Լենտեքսի Կարենը):
Այդ առիթով hraparak.am-ը զրուցեց ընկերության տնօրեն Կարեն Գոմցյանի հետ: Վերջինս հստակեցրեց իր անձի շուրջ առաջ եկած ասեկոսեները՝ասելով, որ նման խոսակցություններ իսկապես կան, սակայն ոչ թե ընդդիմույունն է իրեն առաջադրելու, այլ հարցը քննարկում է «Լուսավոր Հայաստան» կուսակցության կողմից:
-Իսկ ինչ դիրքորոշում ունի` «Լուսավոր Հայաստան»-ը, ընդդիմադի՞ր է, չեզո՞ք, թե՞…դուք նու՞յնպես այդ կուսակցության անդամ եք:
-Քանի որ Ազգային ժողովում դեռ չկա, կուսակցության դիրքորոշումը այնքան էլ պարզ չէ, բայց ամեն դեպում կուսակցությունը կառուցողական ընդդիմադիր է: Ես անկուսակցական եմ:
-Ի՞նչ եք որոշել դուք, սպասե՞նք ձեր առաջադրմանը:
-Ես դեռ որոշում չեմ կայացրել: Մտածում եմ բնագավառներ կան, որտեղ կարող եմ ինձ այնքան էլ լավ չզգալ:Օրինակ` բիզնեսում ես ինձ լավ եմ զգում: Այստեղ դեռ աճում եմ: Իսկ քաղաքականությունը շատ կեղտոտ բան է, եթե գնացի, կամ գնալու եմ փոխելու ամեն ինչ, կամ չեմ գնալու ընդհանրապես: Եթե ընտրությունը նախկին սահմանադրությամբ լիներ, ես հաստատ չէի վարանի, կառաջադրվեի որպես անհատ: Քաղաքը պետք է ունենա լավ ու ուժեղ կառավարիչ, չպետք է կուսակցության շահը ծառայեցնել քաղաքին:
-Եթե կար ցանկություն, ինչո՞ւ ավելի շուտ չէիք մտնում քաղաքական դաշտ: -Մինչ այդ ես չէի հասունացել, ամեն ինչ իր ժամանակն ունի: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 2-ին Գյումրիում նախատեսվում են ՏԻՄ ընտրություններ նոր Ընտրական օրենսգրքով: ՏԻՄ ընտրությունները կատարվելու են համամասնական կարգով, մրցապայքարի մեջ են մտնելու կուսակցությունները: Ժողովուրդը նախ կընտրի ավագանու անդամներ, որոնք էլ իրենց հերթին կընտրեն քաղաքապետ:
Արևիկ Հակոբյան, Գյումրի
Այս նյութը դիտել են - 2634 անգամ