Առաջնագիծը սկսվում է ուսումնական զորամասից
2016-07-05 09:05:00

Ուսումնական զորամասի հրամանատար, գնդապետ Վահագն Ասատրյանն այն սպաներից է, որոնք ձեռք բերածով չեն գոհանում, ձգտում են անընդհատ կատարելագործվել: Բավականին լավ պատրաստված՝ չի վարանում հարցնել ոչ միայն վերադասին, այլեւ ենթականերին, որպեսզի հետագայում տվյալ խնդրին վերաբերող թերություններ չլինեն. հատկանիշ, որ պետք է բարձր գնահատվի:

Նախքան այս ուսումնական զորամասում հրամանատար նշանակվելը թե՛ կազմակերպչական, թե՛ գիտելիքների առումով սպասելիքները նրանից մեծ են եղել, եւ ինքը պատվով է իրագործել իրեն վստահված խնդիրները:

ՏԻՐԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ

ՀՀ ՊՆ ԶՈՒ մարտական պատրաստության վարչության պետ,

գեներալ-մայոր

-Պարոն գնդապետ, ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը թշնամին մեծաքանակ մարդկային ուժով ու զինտեխնիկայով գրոհեց Արցախի սահմանը: Չորս օր պատերազմ էր, եւ այդ օրերին հակառակորդը օգտագործեց նաեւ այնպիսի զենքեր, որոնք նախատեսված են մեծածավալ պատերազմների համար: Բայցեւայնպես, որքան էլ նախահարձակ թշնամին զենքի ու զինտեխնիկայի խրախճանք էր սարքել, հարկադրված եղավ, ինչպես 1993 – 1994 թթ., զինադադարի խոսքեր հնչեցնել:

Ինչպե՞ս ընդունեցիք հարձակման լուրը , ի՞նչ մտածեցիք:

-Մտածեցի, որ այս անգամ պլանավորված է: Եթե ստացվեր նախնական խնդրի կատարումը՝ աջ եւ ձախ թեւերից ներխուժել եւ խորանալ, կիրագործվեր նաեւ նրա հետագա խնդիրը՝ հարձակումը կշարունակվեր դեպի Ստեփանակերտ: Փառք ու պատիվ առաջնագծի ամբողջ անձնակազմին: Թե՛ սպաները, թե՛ զինվորները մարտնչեցին ինչպես վայել է իսկական զինվորին: Ցավոք, ահեղ կռվում զոհեր տվեցինք: Նրանց թվում կային մեր ուսումնական զորամասն ավարտած մասնագետներ՝ տանկի հրամանատար, օպերատոր… Տխուր ենք, լարված, բայց եւ հպարտ ենք, որովհետեւ թշնամուն չհաջողվեց իրագործել իր պատկերացրած կայծակնային հաղթանակը:

-Ձեր կապավորները ոգեւորությամբ պատմում էին. «Լուրն առնելով՝ հրամանատարը հավաքեց բոլորին՝ քաղաքացիական աշխատողներին եւ զինծառայողներին: Ասաց՝ ես պատրաստ եմ եւ գիտեմ, որ դուք նույնպես պատրաստ եք: Վիճակը լուրջ է, սակայն մենք չենք վախենում եւ պատրաստ ենք մեր զինվորների կողքին լինել: Սպասում եմ, որ կանչեն… »:

-Մեր էության, հոգեբանության մեջ կա, ապրում է ազատագրական պայքարի մեծերի ոգին: Երբ թշնամին խուժեց մեր դիրքեր, վերստին արթնացավ այդ հաղթական ոգին: Այսօր մեր խնդիրը մեր հողը պահելն է: Որքան էլ հակառակորդը ջանք է գործադրում իր զորքին, իր ժողովրդին համոզել, որ Ստեփանակերտը իրենց Խանքենդին է, մեկ է՝ բան չի ստացվում: Եվ ապրիլյան ռազմագործողությունը կրկին նույնը փաստեց:

-Պարոն գնդապետ, ուզում եմ մի պահ Ձեզ կտրել ծանր խոհերից: Որտեղի՞ց են Ձեր նախնիները:

-Նախնիներս Բուլանուղից են: Այնտեղից գաղթել, բնակություն են հաստատել Ապարանում: 1968 թ. մեր ընտանիքն Ապարանից տեղափոխվել է Քասախ ավան: Քասախցիները ավանդապաշտ ժողովուրդ են:

-Մանկուց երազում էիք զինվորակա՞ն լինել:

-Մայրս բժշկուհի էր եւ շատ էր ուզում, որ ես բժշկի մասնագիտություն ընտրեմ: Ես դեմ չէի ծնողներիս ցանկությանը… մինչեւ այն պահը, երբ հանդիպեցի Արցախյան ազատամարտի մասնակից Քասախի վաշտի տղաներին: Զինվորական մասնագիտություն ընտրելու հարցում մեծ դեր ունեցավ նաեւ այն, որ մորեղբայրս եւ մորաքույրս նույնպես Արցախյան շարժման առաջին շարքերում էին: 1994 թ. տեղեկացա, որ բացվում է Ռազմական ինստիտուտ եւ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմական ուսումնարան: Մոնթե մարդու, զինվորի ու հրամանատարի կերպարն ինձ շատ էր սրտամոտ: Այդ ամենը մեծ նշանակություն ունեցավ, որ ես սովորեմ Մոնթեի անունը կրող ուսումնարանում: Հաջողությամբ ավարտեցի ուսումնարանը, եւ ինձ դասակի հրամանատար նշանակեցին Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում: Մեկ տարի չէր անցել, երբ զգացի, թեեւ Ռազմական ինստիտուտում որպես սպա կայանալը լավ է, բայց ավելի նպատակային կլինի, որ սովորածս գործի դնեմ այլ զորատեսակում: Դիմեցի վերադաս հրամանատարությանը, եւ ինձ չմերժեցին: Հետագայում ընդունվեցի Մոսկվայի Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիա:

Մարշալ Հովհ. Բաղրամյանի կիսանդրու մոտ. զորամասի հրամանատարի՝ ԱՀՏԱ գծով տեղակալ« գնդապետ Հովիկ Եգորյանը (ձախից երրորդը)՝ կուրսանտների հետ

Մարշալ Հովհ. Բաղրամյանի կիսանդրու մոտ. զորամասի հրամանատարի՝ ԱՀՏԱ գծով տեղակալ« գնդապետ Հովիկ Եգորյանը (ձախից երրորդը)՝ կուրսանտների հետ

-Լսել եմ վերապատրաստվել եք նաեւ Հունաստանում: Ուսանելիս ի՞նչն է առավել տպավորվել:

-Պատրաստության որակը: Կարեւորը նրանց մարտավարական փորձը յուրացնելն է, քանի որ մեր թշնամին երբեմն հենց այդ մարտավարությունն է կիրառում: Հույները հայերիս հերոսներ են համարում: Գիտեն՝ դարեր շարունակ պայքարել ենք թուրքերի բռնության դեմ, եւ չէին թաքցնում, որ մեզնից սովորելու շատ բան ունեն…

-Մինչ ուսումնական զորամաս գալը՝ սահմանային զորամասի հրամանատար էիք: Որտե՞ղ է ավելի դյուրին կամ դժվար՝ մարտական դիրքերո՞ւմ, թե՞ կուրսանտների հետ:

-Յուրաքանչյուրն ունի իր առանձնահատկությունները: Հակառակորդին արժանի հակահարված հասցնելու հաջողությունը մեծապես պայմանավորվում է բանակի շարքերը համալրած նորակոչիկների մասնագիտական գիտելիքների յուրացման աստիճանով եւ հոգեպես ու ֆիզիկապես որքանով են կոփված մարտական իրավիճակներում ճիշտ կողմնորոշվելու եւ գործելու համար: Սահմանի պաշտպանությունն սկսվում է ուսումնական զորամասից: Կարեւորում եմ, որ ուսումնական զորամասերի հրամանատարները լինեն սահմանագծում ծառայած սպաներ: Մարտական ծառայության ընթացքում առաջադրված խնդիրների կատարման առանձնահատկությունները գիտենալը շատ կարեւոր է:

Մեր ուսումնական զորամասը կարեւոր խնդիր է կատարում. պատրաստում ենք տանկի, ՀՄՄ-ի, հրաձգային ջոկերի հրամանատարներ եւ այլ մասնագետներ: Վեցամսյա դասընթացներն ավարտելուց հետո կուրսանտներն ստանում են համապատասխան որակավորում եւ որպես մասնագետներ համալրում են զորամասերը:

– Սպաները Ձեզ բնութագրելիս առաջինը նշեցին այն, որ Ձեր աշխատասենյակի դուռը բաց է բոլորի առջեւ, որ Ձեզ կարող են դիմել ոչ միայն զինծառայության, այլեւ անձնական խնդիրներով:

– Ինչու՞ դրսում ուրիշից իմանամ իմ սպայի, զինվորի խնդիրների մասին: Ես ինքս առաջինը պետք է իմանամ եւ իմ տեղակալների հետ օգնեմ դուրս գալ այդ վիճակից: Խոսքը միայն նյութական, ֆինանսական օգնության մասին չէ: Դժվար կացության մեջ հայտնված մարդուն նախ եւ առաջ պետք է մեկը, ով սրտացավորեն կլսի եւ խորհուրդներ կտա: Այլապես, բացառված չէ, որ սխալ քայլի դիմի: Նոր էի նշանակվել: Վաշտի հրամանատարական կազմը, գումարտակի հրամանատարը սպաներից մեկին ներկայացնում էին անձնակազմի շրջանում հարգանք չվայելող անձնավորություն: Հետաքրքրվեցի ու պարզեցի, որ այդ սպան առողջական խնդիրներ ունի: Միջնորդեցի, որ անհրաժեշտ բուժումներ ստանա: Ապաքինվեց: Ուղղություն ցույց տալով եւ բարձրացնելով նրան իր իսկ աչքին՝ հասանք այն բանին, որ նա կարողացավ բոլոր առումներով իրեն լավ դրսեւորել: Ծառայում է՝ ինչպես հարկն է, եւ անգամ ընդգրկված է առաջխաղացման անվանացուցակում: Որպեսզի սպան կայանա իր գործում, պետք է ծառայությունից դուրս՝ ընտանիքում, շրջապատում մտահոգող խնդիրներ չունենա: Սպայի, զինվորի հանդեպ պետք է լինել խիստ, պահանջկոտ, բայց եւ արդարացի, անկողմնակալ: Եթե ենթականերն զգում են, որ հրամանատարի խստությունը հանուն արդար գործի է, ամեն կերպ ջանում են արդարացնել նրա վստահությունը: Այդ փոխըմբռնումից շահում է ընդհանուր գործը:

Մեխանիկ-վարորդները գրադարանում. ձախից աջ՝ Հարություն Բեգլարյան, Աշոտ Սահակյան, տանկային գումարտակի հրամանատարի՝ ԱՀՏԱ գծով տեղակալ, մայոր Կարեն Մովսիսյան, (կենտրոնում) Սեյրան Յայլախանյան, Էդուարդ Մալխասյան

Մեխանիկ-վարորդները գրադարանում. ձախից աջ՝ Հարություն Բեգլարյան, Աշոտ Սահակյան, տանկային գումարտակի հրամանատարի՝ ԱՀՏԱ գծով տեղակալ, մայոր Կարեն Մովսիսյան, (կենտրոնում) Սեյրան Յայլախանյան, Էդուարդ Մալխասյան

-Ժամանակ ունենու՞մ եք ընթերցելու, հետեւելու մշակութային կյանքին…

-Որքան էլ ժամանակը չհերիքի, հրամանատարը պետք է ինքնակատարելագործման համար միջոց գտնի: Առավել եւս՝ ուումնական զորամասում ծառայող սպան, որ պետք է հետեւողականորեն խորացնի գիտելիքների պաշարը: Եթե սահմանային զորամասում առաջնային կարեւորություն ունի մարտական պատրաստությունը, ապա ուսումնական զորամասում դրանով բավարարվելը արդյունավետ չի լինի: Նորամուծությունները, որ տարեց տարի մուտք են գործում բանակ, հիմնականում ՀՀ պաշտպանության նախարարի ցուցումով, հնարավորություն են ընձեռում, որ օրվա երկրորդ կեսին դասակների անձնակազմերի համար թե՛ դասաժամերին, թե՛ օրվա կարգացուցակով ջոկի հրամանատարների, դասակի հրամանատարների տեղակալները, վաշտի սերժանտներն անցկացնեն պարապմունքներ:

-Ո՞վ է զինվորականի Ձեր իդեալը:

– Ազատագրական պայքարի բոլոր մեծերը, մերօրյա պայքարում՝ Վազգեն Սարգսյան, Սեյրան Օհանյան, Մոնթե Մելքոնյան: Նրանք օժտված են առաջնորդի հատկանիշներով: ՈՒզում եմ էլի հարազատ անուններ ավելացնել, հրամանատարներ, որոնցից շատ բան եմ սովորել եւ հիմա էլ սովորեցնում եմ իմ ենթականերին. գեներալ-մայոր Արթուր Սիմոնյան, գեներալ-մայոր Օնիկ Գասպարյան, գեներալ-մայոր Տիրան Խաչատրյան, գնդապետ Թեմուր Շահնազարյան, գնդապետ Վահրամ Գրիգորյան, գնդապետ Հովիկ Ավագյան…

– Սիրած գիրքը…

-Վերֆելի «Մուսա լեռան քառասուն օրը»:

– Հայոց օրորոցայիններից մեկում մայրը ոչ թե քնեցնում, այլ արթնացնում է զավակին՝ պատրաստել եմ քո զենքերը, ահա գլխիդ վերեւ կան…

– Այսօր ուրիշ մի բան եմ ուզում ասել՝ մայրը չպետք է խանգարի բանակին, չպետք է խանգարի զինվորին, որն իր որդին է: Հաճախ խնդիրներ են ծագում նորակոչիկների շրջանում: Ճիշտ է, հոգսաշատ կյանքից նեղված ընտանիքներ կան, բայց չպետք է խռովություն սերմանել որդու հոգում եւ դժգոհ բանակ ճանապարհել: Եվ կամ մայրն ասում է. «Այնպես արա, որ բուժկետ պառկես, թեթեւ հիվանդ ես՝ պարապմունքից ազատվիր»: Պետք է ձերբազատվել այս հոգեբանությունից:

…Թվում էր՝ կեցության կենցաղային խնդիրները խաթարել են մեր սրտի ոգեղեն ապրումնները, բայց տեսա՞ք՝ այս ապրիլյան օրերին ինչ անձնուրացություն դրսեւորեց մեր ժողովուրդը: Մեր ԶԻՆՎՈՐԸ:

Այս նյութը դիտել են - 1740 անգամ