Խզմալյանը՝ Հայաստանում ԱՄՆ դեսպան...
2016-07-05 00:17:00

Այսօր ԱՄՆ ազգային տոնն է՝ Անկախության օրը: Եվ ուրիշ էլ ո՞վ կարող էր դրա մասին առաջինը հիշել և շնորհավորել, եթե ոչ կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը: Նման օպերատիվություն նա երբեք հանդես չի բերում նույնիսկ Հայաստանի Անկախության օրվա առիթով: Բայց Ամերիկան ուրիշ է: Ամերիկան կերակրող մայր է, սրբության պես մի բան, որի մասին Խզմալյանը ոչ մի գնով մոռանալ չի կարող: Այդ իսկ պատճառով էլ մեծ խնդիր ունի՝ մեզ էլ համոզել, որ այդ երկիրը բացառիկ է հայերիս համար, որ կամ ԱՄՆ, կամ ոչինչ:

 Եվ քանի որ համոզելն այնքան էլ հեշտ չի ստացվում, կինոռեժիսորը ստիպված է մի կարճ ժամանակով վերածվել պատմաբանի, փորփրել հարյուրամյակի փոշիները և դուրս բերել այնպիսի փաստեր, որոն ազդեցիկ պիտի լինեն: Օրինակ, նա գրում է. «ԱՄՆ նախագահների կողմից Հայոց Եղեռնը ճանաչելու համար պայքարողներին ու նեղսրտողներին մեկ բան հիշեցնեմ՝ 1920 թ. ԱՄՆ աշխարհի առաջին երկիրն էր, որը ոչ միայն ճանաչել, այլ փաստորեն ստեղծել էր Հայոց անկախ պետությունը»:

Մինչև հիմա բոլորը կարծում էին, թե Հայաստանն անկախացել է 1918-ին, բայց քանի որ Խզմալյանին հարմար է 1920 թվականը՝ ամերիկացիների հետ կապելու համար, պատմությունն այստեղ մի փոքր սրբագրվում է, ինչպես որ էականորեն սրբագրված է ցեղասպանության ճանաչման փաստը: Եթե 1920-ին ԱՄՆ-ն ճանաչել է Եղեռնը, այդ դեպքում մենք ի՞նչ ենք պահանջում նրանցից այսքան տարի, ինչու՞ ենք Օբամային ու նախորդ նախագահներին հայհոյում «ցեղասպանություն» բառը չարտասանելու համար: Եվ արդեն կարելի է անկեղծորեն զարմանալ Բարաք Օբամայի անտեղյակության վրա, որը ոչ միայն սեփական երկրի պատմությունը չգիտի, այլև նեղն ընկած պահին օգնության չի կանչում Տիգրան Խզմալյանին: Հենց Խզմալյանն էլ նրա ականջի տակ կբացականչի՝ «Կեցցե Ամերիկան», իսկ մեզ համար հետևյալը կասի. «Տեղացի դավաճանների ու մոլորյալների ջանքերով հանձնեցինք մեր անկախությունն ու պետականությունը Ռուսաստանին ու Թուրքիային: Մոռանալ դա և շարունակել մուրալ ինչ որ այլ «ճանաչում»՝ նշանակում է անհարգել ոչ միայն Ամերիկան, այլ նախևառաջ հենց մեզ»:

Բայց ո՞վ կհանդգնի անարգել Վաշինգտոնին, քանի դեռ կենդանի է ռեժիսոր Խզմալյանը: Այ, Ռուսաստանին անարգեք՝ որքան ցանկանում եք: Դա ճիշտ կլինի: Ու գիտե՞ք ինչու: «1991 թ. ՀՀ անկախությունը առաջինը ճանաչեց ԱՄՆ-ը: Ռուսաստանը չորրորդն էր այդ շարքում…»,- բացատրում է Խզմալյանը: Հիմա հասկացա՞ք, թե ռուսներն ինչ թշնամի ժողովուրդ են, ընդմենը 4-րդն էին: Դա նրանց ներել չի լինի: Խզմալյանն ավելի շուտ կգնա Բաքու, Հայաստանի դեմ մի շնչով 4 հատ հարցազրույց կտա, քան կհամակերպվի Ռուսաստանի չորրորդը լինելու փաստի հետ: Եվ նորից ու նորից շնորհավոր Ամերիկայի անկախության օրը, որ այդքան երջանկություն է պարգևել Հայաստանի քաղաքացի պարոն Խզմալյանին:

shame.am

Այս նյութը դիտել են - 1222 անգամ