Թունավոր ջրիմուռների բուռն ծաղկումը, որը ընդգրկել է հարավային Ֆլորիդայի մեծ մասը, ստիպել է նահանգի մի քանի շրջաններում սահմանել արտակարգ դրություն: Այս մասին հայտնում է ABC News հեռուստաալիքը: Իրավիճակը բարդացնում է ջրիմուռային շրջանների մոտ ապրող մարդկանց առողջական վիճակի զանգվածային վատթարացումը: «Հարավային Ֆլորիդայի մի քանի լողափերում և ջրային ուղիներում թունավոր ջրիմուռների աննախադեպ ծաղկումը այդ շրջանի բոլոր բնակիչների համար փչացրել է հուլիսի 4-ի տոնակատարությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ: Ֆլորիդայի նահանգապետ Ռիկ Սքոթը նահանգի 4 շրջաններում հայտարարել է արտակարգ դրություն: Հազարավոր բնակիչներ և զբոսաշրջիկներ ստիպված են եղել չեղարկել իրենց հանգիստը սովորաբար լեփ-լեցուն լողափերում: Վառ կապտա-կանաչավուն ջիրմուռներին տհաճ է դիպչելը, դրանք նաև արձակում են գարշելի հոտ: Շատ բնակիչներ բողոքել են առողջական վիճակի վատթարացումից:
Այս նյութը դիտել են - 1324 անգամ