«Առավոտ» թերթը գրում է. «Մենք՝ հայերս, հետաքրքիր սովորություն ունենք՝ չափից դուրս մեծ ուշադրություն դարձնել այն խոսքերի վրա, որոնք արտասանում են տարբեր երկրների պաշտոնյաները մեր երկրի կամ մեր խնդիրների մասին:
Ալիեւը, Նովրուզ Մամեդովը, Պուտինը, Լավրովը, Զախարովան ունեն իրենց տեսակետներն այս կամ այն խնդրի, երկրի շուրջ, արտահայտում են իենց երկրների շահերը՝ այնպես, ինչպես իրենք են հասկանում: Բայց ո՞րն է իմաստը, ինչպես ասում են, «ազգովի» քննարկելու նրանց ասածները, բացահայտելու երանգներ, փնտրելու ենթատեքստեր:
Դա, իհարկե, քաղաքագետների, վերլուծաբանների գործն է՝ բացատրել մեզ, թե ով ինչ էր ուզում ասել, ինչ էր ակնարկում, ինչ «տողատակեր» ուներ: Բայց բարդույթավորվել ամեն մի ասածի պատճառով, ընկալել դա որպես վերջին ատյանի ճշմարտություն կամ որպես «ճակատագրական» մի խոսք, որն անպայման վճռական նշանակություն կունենա դեպքերի առաջիկա զարգացումների վրա՝ դա մեր անհանգիստ, ինչ-որ տեղ «խուճապային» բնավորության դրսեւորում է:
Կարծո՞ւմ է արդյոք Մարիա Զախարովան, որ Գարեգին Նժդեհը նացիստ էր, թե՞, ենթադրենք, սոցիալ-դեմոկրատ, դա այնքան էլ կարեւոր չէ՝ ի վերջո նա ամենանշանավոր պատմաբանը չէ:
Ուզո՞ւմ է Ալիեւը, որ մենք նրան հանձնենք Արցախը, ինչպես նաեւ Սյունիքը, Սեւանը եւ Երեւանը, թող ապրի իր երազանքներով, ուզելն, ինչպես ասում են, վնասակար չէ:
Դա մի քիչ նման է մեր ներքաղաքական պայքարին, երբ կուսակցական գործիչները խոսում են միայն այն մասին, թե ինչ են արել կամ ինչ են անում իրենց մրցակիցները, բայց երբեք չեն անդրադառնում իրենց անելիքներին: Առավելագույնը ասում են, որ կերտելու են արդար Հայաստան, բայց չեն ասում, թե ինչպես»:
Այս նյութը դիտել են - 1327 անգամ