ՄԻ՛ ԹՈՂԵՔ ԱՅՆ ՀԱՅՐԵՆԻՔԸ, ՈՐՏԵՂ ՄԻ ԿՏՈՐ ԱՐԵՎ ՈՒՆԵՔ
2016-07-05 23:07:00
 Թվում է՝ ոչինչ չի եղել, արկերն այստեղ չեն թափվել ահեղագոչ…
Արևածագին իմ բնակարանի պատուհանից ներս մտնող շողերի հետ մտովի հոգիս պար է բռնում, կարոտներս թևին տալով թռչում են ամենուր, օրս շնչավորվում է, իմաստավորվում մի նոր կյանք: Միտքս դայլայլում է թռչունների ճռվողյունի հետ՝ ծաղիկների ավանդական սիրավեպին ու ապրելու հրճվանքին ունկնդիր:
Հոգիս հողի ու հայրենիքի երգն է երգում՝ անցած օրերի տխուր մեղեդայնությամբ ու հավերժական սիրով օծված: Ներկայի ու գալիքի մասին խոհերս հուզական մի նոր աշխարհ են բացում: Ու ես մտորում եմ՝ այո՛, հայրենիքը միայն տարածքը չէ, այն գոյություն ունի նաև մարդու ներսում, ու ես այս մի կտոր հայրենիքը տեսնում եմ իմ մեջ:
Մեր ժպիտն է դառնում մեր հայրենիքը, մեր անհանգիստ ապրումները, ճաք տված սիրտը մեր, որ իր ներսում ցավ ունի դառնացած: Մեր հայրենիքն արյունով հեղված ու արկերի հարվածից գունատված հողն է մեր, մեր հայրենիքը դառնում է այն տունը, որտեղ ապրում ենք, այն ճամփան, որով անցնում ենք ամեն օր, այն բակը, որտեղ անհոգ մանկություն կա՝ աշխարհի դավերին անտեղյակ:
Մի՛ թողեք մեր հայրենիքը, որտեղ մի կտոր արև ունեք, ուր էլ լինեք, կարոտը թևին է տալու, բայց չի մեռնելու երբեք, մի՛ թողեք այն հայրենիքը, որտեղ ցավատանջ հառաչանքներ կան՝ մեր տագնապած հողին պահ տված:

Նատաշա Պողոսյան
 Արցախի վաստակավոր մանկավարժ, 
 Մարտակերտի Վլադիմիր Բալայանի անվան միջնակարգ 
 դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի
Այս նյութը դիտել են - 1541 անգամ