Թբիլիսիում տեղի ունեցած ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նիստն ընդունել է ամփոփիչ բանաձեւ, որը չեն ստորագրել Ռուսաստանը եւ Հայաստանը: Կարելի է ասել, որ չի ստորագրել միայն Ռուսաստանը, քանի որ Հայաստանը վաղուց ստորագրում կամ քվեարկում է այնպես, ինչպես Ռուսաստանը:
Ընդ որում, ԵԱՀԿ ԽՎ-ն հայտարարություն է ընդունել Ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ, որում կոչ է արվում հասնել կարգավորման միայն Մինսկի խմբի շրջանակներում եւ ընդունել շփման գծում զսպման մեխանիզմների ներդրման առաջարկը:
Այսինքն, այն, ինչը պահանջում է Հայաստանը, քանի որ Մինսկի խմբին զուգահեռ Ռուսաստանը փորձում է այլ ձեւաչափ կիրառել եւ իրականացնել իր պլանը՝ տարածքներ ռուս խաղաղապահների դիմաց, ինչպես նաեւ տապալել հետաքննության մեխանիզմների ներդրումը:
Այսինքն, մի կողմից Հայաստանն ամուր կառչել է ԵԱՀԿ առաջարկներից, մյուս կողմից սակայն Հայաստանի պատվիրակությունը չի ստորագրում ԵԱՀԿ ԽՎ ամփոփիչ փաստաքթուղթը: Ի՞նչ անուն տալ սրան՝ ընտրեք ինքներդ:
Հայաստանը միջազգային կառույցներում Ռուսաստանի համար վեր է ածվել լրացուցիչ ձայնի եւ քվեարկում է այնպես, ինչպես Ռուսաստանը, եւ ոչ թե իր շահերի տեսանկյունից: Ռուսաստանը հայկական իշխանությունների համաձայնությամբ դե ֆակտո վերացրել է հայկական ինքնիշխանությունը եւ դա դե յուրե չի արվում միայն այն պատճառով, որպեսզի ունենա լրացուցիչ ձայն:
Այս հանգամանքը լավ հայտնի է միջազգային կառույցներում, Հայաստանը ֆիքսվել է որպես ռուսական ագենտ-պետություն, եւ ձեւավորվել է համապատասխան վերաբերմունք: Առավել եւս, որ Եվրոպայում հայկական երկու կարեւոր պատվիրակությունները ղեկավարում են այնպիսի «գործիչներ», ինչպիսիք են Հերմինե Նաղդալյանն ու Արտաշես Գեղամյանը, որոնց կապերը ռուսական կառույցների հետ բացահայտ են:
Ըստ դիվանագիտական աղբյուրների, վերջին շրջանում ոչ հրապարակային ռեժիմում մի քանի անգամ քննարկվել է հայկական պատվիրակությունների պահվածքի ու նրան տարբեր կառույցներում ձայնից զրկելու կամ հեռացնելու խնդիրը, նկատի առնելով վերը նշված հանգամանքները:
Այս նյութը դիտել են - 1880 անգամ