Քոչարյանի վկաների որոշիչ ստորագրությունը...
2015-12-18 10:52:00

 

Քոչարյանի վկաների որոշիչ ստորագրությունը

Քոչար Օսկանյան

Այս տարվա փետրվարյան դեպքերից հետո, երբ Գագիկ Ծառուկյանին ուղարկեցին քաղաքական թոշակի, Ազգային ժողովում ձևավորվեց նոր, բայց գաղտնի (քանզի գործում է աղանդի գործելաոճով) խմբակցություն` «Քոչարյանի վկաների» խմբակցությունը: Այն բաղկացած է չորս հոգուց` Վահե Հովհաննիսյան (ղեկավար), Ստեփան Մարգարյան և Էլինար Վարդանյան (շարքային անդամներ), Վարդան Օսկանյան (արտոնյալ անդամ): Այս խմբակցության առաքելությունը Ռոբերտ Քոչարյանին ծառայելն է: Խմբակցությունը չմասնակցեց բյուջեի քվեարկությանը, մինչ այդ չի մասնակցել բազում նախագծերի քննարկմանն ու քվեարկմանը:

Զինվորական կարգուկանոն կա այնտեղ. Թե՛ տիկին Էլինարը, թե՛ պարոն Ստեփանն իրավունք չունեն առանց Վահե Հովհաննիսյանի գրավոր կամ բանավոր թույլտվության անգամ ծպտուն հանել: Իսկ երբ նրանք հայտարարություններ են տարածում, դրանց հեղինակը կարող է լինել միայն ինքը` Լավրենտի Պավլովիչը (այդպես է պրն Հովհաննիսյանի մականունը): Եվ ահա պրն Հովհաննիսյանը, լինելով քաղաքական լուրջ ստրատեգ, որոշեց հրապարակել երեք հայտարարություն, երեքն էլ՝ նվիրված ՀԱԿ-ի ՍԴ դիմելու ստորագրահավաքին:

Էլինար Վարդանյանի անունից պրն Հովհաննիսյանը գրել է. «Ընդունելով հանդերձ ՍԴ դիմելու ՀԱԿ նախաձեռնության հիմնավորումներն ու փաստարկները, հասարակական տրամադրությունները՝ այնուամենայնիվ, ես ոչ մի հույս չունեմ, որ այս հարցով Սահմանադրական դատարանը կկայացնի անկողմնակալ և լուծում պարունակող որոշում, և սա համարում եմ ուժերի անիմաստ վատնում։ Այնպես, ինչպես միշտ է եղել։

Ես կառաջարկեի նախաձեռնության բոլոր հեղինակներին միասին աշխատել նույն ընտրակեղծիքների մեխանիզմի դեմ պայքարի այլ ուղիներ փնտրելու ուղղությամբ։ Ես ինքս պատրաստ եմ հանդես գալ կոնկրետ առաջարկներով։

Բայց եթե վերջին պահին իմ ստորագրությունն այս գործընթացում որոշիչ է լինելու, այդ ժամանակ ես, բնականաբար, կմիանամ նախաձեռնությանը»: Եվ այս տեքստը տեղադրված է տիկին Էլինարի Facebook-ի էջում: 

Ստեփան Մարգարյանի անունից պրն Հովհաննիսյանը լայնածավալ հարցազրույց է գրել (բազմազանության համար), որի վերջաբանն այսպիսին է.

«- Պարո՛ն Մարգարյան, այնուամենայնիվ, եթե ստացվի այնպես, որ ստորագրահավաքին միանա 26 պատգամավոր և ձեր չմիանալով՝ դուք խոչընդոտեք գործընթացին, չե՞ք կարծում, որ ձեզ կարող են մեղադրել նախաձեռնությանը չմիանալու համար:

- Ես՝ որպես անհատ պատգամավոր, ասում եմ, որ եթե հավաքվի 26 ստորագրություն, և ես 27-րդը լինեմ, ապա ես, թերահավատորեն վերաբերվելով այս գործընթացին, կմիանամ նախաձեռնությանը»:

Դե, իսկ իր անունից պրն Հովհաննիսյանը գրել է. «Նպատակահարմար եմ գտնում Սահմանադրական հանրաքվեի արդյունքները ՍԴ-ում վիճարկելու հետ կապված ներկայացնել իմ մոտեցումները: Ես հարգանքով եմ մոտենում իմ գործընկերների նախաձեռնությանը` անկախ այն հանգամանքից, որ անձամբ թերահավատ եմ նրա ընթացքի, հեռանկարի և արդյունավետության մասով: Բայց վստահ եմ, որ նախաձեռնության հեղինակներն իրենց մոտեցումներում անկեղծ են:

Ուղղակի հիշենք, թե քանի անգամ ենք գնացել այս ճանապարհով, և տասնյակ տարիների ընթացքում ստացել ենք հիասթափություն, ամիսների ընթացքում ակտիվ տրամադրությունների մարում, իսկ լավագույն դեպքում` հարյուրավոր էջերից բաղկացած և չհասկացվող վճիռ:

Միևնույն ժամանակ, ես միանում եմ իմ գործընկերներ Ստեփան Մարգարյանի և Էլինար Վարդանյանի հայտարարություններին առ այն, որ պատրաստ եմ ստորագրելու սույն փաստաթուղթը, եթե պարզվի, որ դրա ընթացքի համար չի հերիքում իմ ստորագրությունը:


Նաև, առիթից օգտվելով, ուզում ասել, որ իսկապես պետք է ջարդել ընտրակեղծիքների մեքենան: Կա՛մ մենք կջարդենք ընտրակեղծիքների մեքենան, կա՛մ այդ մեքենան վերջնականապես կջարդի մեր պետության և հասարակության մեջքը:

Իսկ ընտրակեղծիքի մեքենան ջարդելու համար իրավամբ պետք է ձևավորել միասնական ազդեցիկ քաղաքական բևեռ, որը, հաշվի առնելով նաև նախկին 20 տարիների սխալները, իրապես կկարողանա ներկայանալ այնպիսի առաջարկներով, որը հավատ կներշնչի հասարակության մեծ մասին»։

Եվ այս ամենը կարդալուց հետո ուզում ես բղավել` վա՜յ, մամա՛ ջան, էս ովքե՞ր և ինչե՞ր են ասում: Կա նաև երկրորդ տարբերակը. պետք է զարմանալ, թե ինչ ազնիվ, պարկեշտ, դեմոկրատ, բոլոր եվրանորմերին, ԵՏՄ բոլոր նորմերին համապատասխանող (քանզի դա է պահանջում Քոչարյանի կոմպլեմենտարիզմը), անկաշառ, սկզբունքային, քաղաքականապես իմաստուն, բարոյական, հայրենասեր, արդար ընտրությունների համար կյանք չխնայող, ոտքի եղունգներից մինչև գլխի վերջին մազը Հայրենիքին անմնացորդ նվիրված թիմ է ունեցել Ռոբերտ Քոչարյանն իր կողքին:


http://www.shame.am/news/view/61384.html
 
Այս նյութը դիտել են - 11470 անգամ