Վարչապետն ընդունել է Հայաստանում Հունաստանի դեսպանին
2016-07-06 15:23:00

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հայաստանում Հունաստանի արտակարգ և լիազոր դեսպան Իոաննիս Տայիսին՝ մեր երկրում դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ: 
Վարչապետը բարձր և արդյունավետ է գնահատել դեսպանի գործունեությունը մեր երկրում, ինչը նպաստել է Հայաստանի և Հունաստանի միջև քաղաքական և տնտեսական հարաբերությունների հետագա զարգացմանն ու ամրապնդմանը:

Կառավարության ղեկավարը կարևորել է երկու երկրների միջև տնտեսական համագործակցության ակտիվացումն ու առևտրաշրջանառության ծավալների ավելացումը, ինչի համար առկա է մեծ ներուժ: Այս համատեքստում, վարչապետն ընդգծել է հայ-հունական միջկառավարական հանձնաժողովի ակտիվ գործունեության անհրաժեշտությունը: 

Իոաննիս Տայիսը շնորհակալություն է հայտնել վարչապետին սերտ համագործակցության համար և նշել, որ վերջին տարիների ընթացքում երկու երկրների միջև հարաբերություններն ակտիվ զարգացում են ապրել:

Դեսպանը վստահություն է հայտնել, որ հետագայում ևս հայ-հունական փոխգործակցությունը կշարունակի զարգանալ և ամրապնդվել տարբեր ոլորտներում, այդ թվում՝ տնտեսության մի շարք ճյուղերում: 

Հայ-հունական հարաբերությունների զարգացման առումով զրուցակիցները կարևորել են երկկողմ տարբեր մակարդակի փոխայցելությունները: Կողմերը հեռանկարային են համարել փոխգործակցության ընդլայնումը կրթության, պաշտպանության, զբոսաշրջության, գյուղատնտեսության և այլ ոլորտներում: Հովիկ Աբրահամյանը և Իոաննիս Տայիսը քննարկել են հայ-հունական հարաբերություններին առնչվող մի շարք հարցեր:
Հանդիպման ավարտին վարչապետը դեսպան Տայիսին մաղթել է նորանոր հաջողություններ հետագա գործունեության ընթացքում: 

Այս նյութը դիտել են - 1562 անգամ