Ընդամենը օրեր առաջ լրատվամիջոցները հայտնում էին, թե սպասվում է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի ժամանունը Հայաստան և նա այստեղ բավականին լուրջ ծրագրեր ունի: Ասվում էր, թե շարունակվում են Հայաստանի մարզերում «Ազգային միասնություն շարժման» անվան տակ գրասենյակներ բացվել, իսկ նրա տեղ հասնելուն պես կայանալու է ներկայացուցչական ժողով, որտեղ էլ Աբրահամյանը բոլոր հարցերի պատասխանը կտա:
Հիմա արդեն ՌՀՄ նախագահը երկրում է, միայն թե սպասված պատասխանների փոխարեն բոլորովին այլ պատմություններ են դուրս գալիս ջրի երես: Պարզվում է, նա եկել է մասնավոր այցով, գնացել է իր հայրենի Մալիշկա` հարազատներին տեսության, որովհետև հուլիսի 16-ին ԱՄՆ է մեկնելու` վիրահատվելու, ուր և գտնվում էր վերջին 5-6 ամիսներին:
Նման շրջադարձ համակիրները չէին սպասում: Հիմա էլ քաղաքականությունը փոխարինվեց առողջական խնդիրներով: Աբրահամյանի փոփոխական տրամադրություններն ու ապագա ծրագրերի անորոշությունը արդեն սպառել են նրա հետ որոշակի հույսեր կապող սակավաթիվ մարդկանց համբերությունը: Այս պայմաններում արդեն դժվար չէ կռահել, որ մինչև ուշ աշուն Աբրահամյանը որևէ կոնկրետ քայլ չի ձեռնարկի: Նաև հասկանալի է, որ նրա «հիվանդություններն» ու «վիրահատություններն» առավելապես պայմանավորված են սպասողական իրավիճակի թելադրմամբ: Իսկ եթե աշունն էլ նրա համար որևէ լավ բան չբերի, ինչի հավանականությունը շատ մեծ է, ապա Արա Աբրահամյանը վերջնականապես կխզի կապերը հայաստանյան քաղաքական շրջանակների հետ և կանցնի «բուժման» երկարատև պրոցեսի:
Այս նյութը դիտել են - 1469 անգամ